‘ԱԱԾ. Վարդան Սեդրակյանը կալանքի տակ է’

1025

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  նախաքննական մարմնի միջնորդությունը եւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Այդ մասին iLur.am-ին հաղորդեց ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը:

Նրա փոխանցմամբ՝ այլ մանրամասներ կհրապարակվեն շուտով:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա  ու դիմել փախուստի:

Ձեռնարկված համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով 2013թ. փետրվարի 7-ին ձերբակալվել են նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:

Դրանից հետո Վարդան Սեդրակյանն անակնկալ կերպով հայտարարել էր, որ ձերբակալվածներին անձամբ ճանաչում է, քանի որ վերջիններս նախկինում վերանորոգել էին իր ամառանոցը:

Նախորդ հոդվածը‘Ուղերձային ծաղկաքաղ՝ ԼՂ հիմնախնդրի ակնարկներով ‘
Հաջորդ հոդվածը‘ ԱՄՆ-ը Հս.Կորեայի դեմ ուղղված նոր պատժամիջոցների ցուցակ է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին ‘