‘
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել այն մասին, որ գործի նյութերում չկան դատարանի համապատասխան որոշման կատարումները, տեղեկացնում է aravot.am-ը: Նշենք, որ դատարանը որոշում էր կայացրել երեսուն օր շարունակ լսել ու ձայնագրել Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղևոնդյանի, ազգականներ Վիտալի Մուրադյանի, Մանվել Մանիցյանի հեռախոսազանգերը: Սակայն ձայնագրությունների հետ կապված որևէ նյութ չկա գործում: Այս առիթով Հայկ Ալումյանն ասել է. «Այդ խոսակցությունները, անկասկած, ձայնագրվել են, սակայն դրանք քրեական գործի նյութերից հետո վերացվել են: Այս խոսակցությունները լսելու նպատակն է, որ դեպքի վերաբերյալ այս մարդկանց խոսակցությունների բովանդակությունից դեպքի հետ կապված նյութեր ֆիքսվեն: Պնդում ենք, որ սրանք լսելուց ու ձայնագրելուց հետո այդտեղ այնպիսի նյութեր են ի հայտ եկել, որոնք խոչընդոտում են այս գործը կոծկելուն, ուստի հանվել են»:
Դատախազ Կարեն Հարությունյանը հակադարձել է փաստաբանին. «Պարոն Ալումյանը կրկին ենթադրությունների դաշտ է մտնում, երբ ասում է, թե կատարվել են գաղտնալսումներ, բայց բացակայում են գործից: ԱԱԾ-ն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով չի կատարել որոշումը: Քննիչն այդ մասին նաև տեղեկանք է ներկայացրել, որ դատարանի որոշումը չի կատարվել»: Ալումյանը այս կապակցությամբ նկատել է, թե քննիչը տեղեկանքը ներկայացվել է հուլիսին, այնինչ դատարանի որոշման համաձայն որոշումը պետք է անհապաղ կատարվեր հունիսի 15-ից սկսած, ուստի հենց այդ ժամանակ էլ պիտի տեխնիկական խնդիրներն ի հայտ գային, որոնց մասին որևէ հաղորդում չի ներկայացրել ԱԱԾ-ն, իսկ քննիչի «խզբզոցն» էլ կեղծ փաստաթուղթ է: Ի պատասխան դատախազը փայլուն ենթադրություն է արել՝ նշելով. «Այդ ի՞նչ պետք է խոսեին, որ լույս սփռեր գործի վրա»: Ալումյանը արձագանքել է. «Օրինակ՝ կարող էր խոսակցություն լիներ այն մասին, թե ոնց Սուրիկ Խաչատրյանը կրակեց Ավետիք Բուդաղյանի վրա»:
Նշենք, որ ԱԱԾ-ի տեխնիկական պատճառներով չկատարած գաղտնալսումը չափից դուրս տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ սույն մարմինը տարիներ շարունակ առանց դատարանի սանկցիայի հաջողությամբ գաղտնալսել է ընդդիմադիր տարբեր գործիչների: Կարելի է եզրակացնել, որ մինչ այժմ էլ Գորիկ Հակոբյանի ղեկավարած կառույցը օր ու գիշեր զբաղված է ընդդիմադիրներին գաղտնալսելով, և դատարանի որոշման կատարումների վրա պարզապես ժամանակ և տեխնիկական միջոցներ չի ունենում:
‘