Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող առաջնության 8-րդ մրցումային օրը տղամարդկանց Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը: 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 389 կգ արդյունքով գյումրեցի ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր:
Պոկում վարժությունում Գասպարյանը պայքարը սկսեց 175 կգ-ով: Առաջին մոտեցումը հաջողությամբ կատարելուց հետո նա ձախողեց այս վարժության հաջորդ երկու մոտեցումները, որոնց համար պատվիրել էր 179 կգ: Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց նաեւ փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունում 25-ամյա ծանրորդը ձախողեց առաջին երկու մոտեցումները 213 կգ պատվերով: Երրորդ մոտեցմամբ Գասպարյանը գլխավերեւում ֆիքսեց 214 կգ-ոց ծանրաձողը:
Սա Սամվել Գասպարյանի առաջին մեդալն է աշխարհի առաջնություններում եւ Հայաստանի դեռեւս միակ մեդալն այս առաջնությունում: