Եզրափակիչի ուղեգիրը Բաչկովը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Էնդի Գոմեց Կրուզի հետ:
Բռնցքամարտիկները ռինգում կհանդիպեն երկրորդ անգամ: Նախորդ անգամ 2017 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացված աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 5:0 հաշվով հաղթել է կուբացի բռնցքամարտիկը։
Բելգրադում Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ: 1/8-րդ եզրափակիչում էլ 3:2 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում մրցավարների որոշմամբ գյումրեցի բռնցքամարտիկը 2:3 հաշվով պարտվել էր թաիլանդի Սոմչայ Վոնգսուվանին, բայց հայկական կողմի բողոքարկումից հետո հաղթանակը շնորհվել է նրան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը եզրափակիչի ուղեգրի համար մենամարտելու է երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւի հետ:
Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակիչում էլ տպավորիչ հաղթանակ տարել ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ եւ նվաճել Հայաստանի առաջին մեդալն աշխարհի առաջնությունում:
Դավիթ Չալոյանն առաջին անգամ է մեծահասակներում մասնակցում աշխարհի առաջնությանը:
Դավիթ Չալոյանի մենամարտը տեղի կունենա ցերեկային մրցահերթում:
Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա երեկոյան մրցահերթում:
