ԱԱ. Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց մեկ ոսկե մեդալով

53

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հոկտեմբերի 7-ից մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 8 ըմբիշով մասնակցած Հայաստանի թիմը պայքարն ավարտեց մեկ ոսկե մեդալով:

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ23 չեմպիոն, 22-ամյա Մալխաս Ամոյանը (72 կգ):

Աշխարհի նորընծա չեմպիոնն Օսլոյի մրցագորգում անցկացրեց 4 գոտեմարտ՝ 8:0, 5:0, 10:6 եւ 3:1:

Հայաստանի հավաքականից մեդալային պայքարի մեջ էին նաեւ Նորայր Հախոյանն (55 կգ) ու Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), բայց երկուսն էլ մեդալներ չնվաճեցին:  

55 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Նորայր Հախոյանը մրցեց 2019 թվականի աշխարհի չեմպիոն, 2018 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր, վրացի Նուգզարի Ցուրցումիայի հետ եւ առաջին մրցափուլում պարտվեց 0:9 հաշվով: Մինչեւ բրոնզե մեդալի գոտեմարտը՝ Հախոյանը 1/8 եզրափակիչում հաղթել էր գերմանացի Ֆաբիան Բեռնարդ Շմիտին(6:1), 1 /4-ում՝ ամերիկացի Մաքս Նոուրին (9:0), կիսաեզրափակիչում 2:3 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սեֆերշաեւին:

Գեւորգ Ղարիբյանը 60 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1:3 հաշվով պարտվեց աշխարհի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին:

2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը Օսլոյի մրցագորգում 1/8 եզրափակիչում հաղթեց  ամերկացի Դելթոն Ջեյմս Ռոբերտսին (8:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց իրանցի Մեհրդադ Մարդանին (7:0): Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը  ցավալի պարտություն կրեց 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2019 թվականի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, մոլդովացի Վիկտոր Չոբանուց (6:9):

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից՝ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) որակավորման փուլում 3:3 հաշվով պարտվեց նորվեգացի Շտիգ Անդրե Բերգեին եւ լքեց պայքարը, քանի որ նորվեգացի ըմբիշը պարտվեց 1/8 եզրափակիչում:

2019 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում ֆրանսիացի Մամադասա Սիլլային հաղթելուց հետո (5:4),   1/8 եզրափակիչում պարտվեց սերբ Սեբաստիան Նադին (5:8), որն էլ իր հերթին պարտվեց քառորդ եզրափակիչում եւ Սլավիկ Գլաստյանը լքեց պայքարը:

82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը  որակավորման փուլում 0:12 հաշվով պարտվել էր թուրք Բուրհան Ակբուդակին, բայց բրոնզե մեդալի համար սփսոփիչ գոտեմարտերի հնարավորություն էր ստացել, քանի որ թուրք ըմբիշը հասել էր եզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչը առաջին սփոփիչ գոտեմարտում պարտվեց հունգարացի Լազլո Ժաբոյին (1:3):

2018 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը (87 կգ) երկու գոտեմարտ հաղթելուց հետո (5:1, 7:0), քառորդ եզրափակիչում տուշեով պարտվեց դանիացի Տուրպան Ալի-Ալվիեւիչ Բիսուլտանովին, որն էլ կիսաեզրափակիչում պարտվեց եւ Հայաստանի ներկայացուցիչը լքեց պայքարը:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը (130 կգ) մեկ գոտեմարտ հաղթելուց հետո (4:2) 1/8 եզրափակիչում պարտվեց իրանցի Ալիակբար Հոսեյն Յուսուֆիամադչալինին (1:4): Իրանցի ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ եւ Օվասապյանին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն տվել: Առաջին սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց նորվեգացի Օսկար Մարվիկի հետ եւ պարտվեց 0:3 հաշվով:

Հայաստանը աշխարհի առաջնությունում մասնակիցներ չունեցավ երկու քաշային կարգերում՝ 97 կգ եւ 77 կգ: Աշխարհի առաջնությունից ազատված էին Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ): Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը NEWS.am Sport-ին հայտնել էր, որ երկու ըմբիշները վնասվածքների պատճառով չէին ընդգրկվել ԱԱ մեկնած կազմ:

Աշխարհի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանը Հայաստանի թիմի հետ Երեւան կվերադառնա հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը 03:30-ին, Վարշավա — Երեւան չվերթով։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 601 նոր դեպք, 26 մահ
Հաջորդ հոդվածըԴժբախտ պատահար Իսակովի պողոտայում