‘ԱԱ-2014-ի լավագույն ֆուտբոլիստները’

1276

Աշխարհի այս տարվա առաջնությունը ևս պատմություն դարձավ: Անկասկած, Բրազիլիայի Մունդիալը երկրպագուների հիշողության մեջ մնաց   ոչ թե սկանդալներով ու ինտրիգներով, այլ ֆուտբոլիստների  անկեղծ խաղով: Ներկայացնում ենք աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը, որը հարձակողական ոճի է:

Դարպասապահ. Մանուել Նոյեր (Գերմանիա)

Մանուել Նոյերը, անկասկած, Բրազիլիայի առաջնության ամենահուսալի դարպասապահն է: Գերամանացին խաղաց մրցաշարի բոլոր 7 խաղերում և բաց թողեց ընդամենը 4 գնդակ, որի համար էլ արժանացավ լավագույն դարպասապահի կոչմանն ու «Ոսկե ձեռնոցի»: Ի դեպ, այս մրցանակը մինչև 2010 թվականը աշխարհի լավագույն դարպասապահներից մեկի՝ Լև Յաշինի անունով էր: 2010 թվականին այն ստացել է իսպանացի Իկեր Կասիլյասը, 2006–ին իտալացի Ջանլուիջի Բուֆոնը, 2002–ին գերմանացի Оլիվեր Կանը:

Պաշտպան. Տյագու Սիլվա (Բրազիլիա)
Ֆրանսիական ՊՍԺ-ի 30-ամյա պաշտպանը ամրացնում է Բրազիլիայի պաշտպանությունը: Իրենց լավագույն խաղը բրազիլացիները սովորաբար ցուցադրում են այն ժամանակ, երբ ամեն ինչ կարգին է պաշտպանությունում: Հենց շնորհիվ իրենց ավագի գործողությունների, տանտերերը իրենից հզոր ուժ էին ներկայացնում: Առանց Սիլվայի բրազիլացիները 7 գնդակ բաց թողեցին սեփական դարպասը:

Պաշտպան. Պեր Մերտեզակեր (Գերմանիա)
Գերմանիայի հավաքականի պաշտպանությունը ինչպես միշտ, հիանալի էր: Եվ դա շնորհիվ Պեր Մերտազակերի և Մատս Հումելսի: Վերջինս մրսածության պատճառով 4 հանդիպման մեջ խաղաց: Մերտազակերը ողջ մրցաշարի ընթացքում հուսալիորեն հանդես եկավ պաշտպանությունում:

Պաշտպան. Դիրկ Կյուտ (Հոլանդիա)
33-ամյա հոլանդացին աշխարհի առաջնության էր եկել պահեստային հարձակվողի կարգավիճակով, սակայն անսպասելիորեն վերաորակավորվեց աջ պաշտպանի և ձեռք բերեց իր երկրորդ շնչառությունը: Լուի վան Գալի հանճարը ամբողջ կյանքում հարձակման գծում հանդես եկած ֆուտբոլիստին բերեց պաշտպանություն: Փորձառու ֆուտբոլիստը փայլուն կատարեց իր պարտականությունները:

Կիսապաշտպան. Պոլ Պոգբա (Ֆրանսիա)
Պոլ Պոգբան հատկապես լավ խաղաց Նիգերիայի դեմ: Նա գլխի գեղեցիկ հարվածով գոլ խփեց և իր թիմին դուրս բերեց քառորդ եզրափակիչ: Պատահական չէ, որ այս ֆուտբոլիստը ճանաչվեց նաև Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

Կիսապաշտպան. Թոմաս Մյուլեր (Գերմանիա)
ԱԱ-2010 թվականի լավագույն խաղացողներից մեկը կարողացավ փայլուն հանդես գալ նաև բրազիլական մարզադաշտերում: Մյուլերն արդեն պորտուգալացիների հետ խաղում աչքի ընկավ հեթ-թրիքով: Մունդիալի ընթացքում Մյուլերը արդյունավետության համար վաստակեց 8 միավոր, որը նրան, չեմպիոնության հետ միասին, դարձնում է լավագույնը, սակայն առաջնության լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ն ճանաչեց Մեսսին:

Կիսապաշտպան. Արիեն Ռոբեն (Հոլանդիա)
Այս ֆուտբոլիստը ցուցադրեց իր լավագույն խաղերից մեկը: Ողջ մրցաշարի ընթացքում Արիենը առաջնորդում էր իր թիմին՝ փորձելով նրանց առաջ մղել: Նա Հոլանդիայի հավաքականի գլխավոր հաղթաթուղթն էր:

Կիսապաշտպան. Խամես Ռոգրիգես(Կոլումբիա)
Աշխարհի առաջնության նախաշեմին Կոլումբիայի հավաքականի երկրպագուները մտահոգված էին. վնասվածքի պատճառով Բրազիլիա չէր մեկնելու հավաքականի աստղ, հարձակվող Ռադամել Ֆալկաոն: Սակայն արդեն առաջին խաղից հետո բոլոր մոռացան Ֆալկաոյին, քանի որ դաշտում փայլեց Խամես Ռոդրիգեսը: 5 խաղի ընթացքում այս ֆուտբոլիստին հաջողվեց խփել 6 գնդակ և դառնալ մրցաշարի լավագույն ռմբարկուն՝ արժանանալով «Ոսկե խաղակոշիկի»:

Կիսապաշտպան. Լիոնել Մեսսի (Արգենտինա)
Արգենտինացի հանճարին վերջապես հաջողվեց իրեն դրսևորել հավաքականի մարզաշապիկով: Յուրաքանչյուր խաղում Մեսսին ասես քարշ էր տալիս արգենտինացի ֆուտբալիստներին դեպի նվիրական ավարը:

Հարձակվող. Նեյմար (Բրազիլիա)
Բրազիլացի ֆուտբոլիստի համար Կոլումբիայի հետ քառորդ եզրափակչի հանդիպումը վերջինը դարձավ: Ֆուտբոլիստը վնասվածք ստացավ և հիմա բուժում է այն: Բայց չէ որ հենց նա էր Բրազիլիայի հավաքականի գլխավոր ուժը: Նա լավագույնն էր իր հավաքականում:

Հարձակվող. Ռոբին վան Պերսի (Հոլանդիա)
Հոլանդացի հարձակվողը իսպանացիների հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ: Նա իր գոլով կարծես նոր ուժ հաղորդեց հոլանդացիներին:

Նախորդ հոդվածը‘Իսրայելը համաձայնել է զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնաբերվել է Քարվաճառում անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի դին’