‘
Օրվա բեկումնային դրվագը. Աշխարհի առաջնության արդյունավետությունն ընդհատեց Իրան- Նիգերիա հանդիպումը, որն ավարտվեց 0:0 հաշվով: Հետաքրքիր է, որ այս երկու թիմերն էլ բարձր կարգի մրցաշարերում չեն հաղթել՝ սկսած 1998 թվականից, այնպես որ՝ այս արդյունքը վիճակագրության սիրահարներին չի զարմացրել: Իսկ այն բանում, որ եղան նաև ճիշտ կանխպատեսումներ, մեղավոր են դարպասապահները՝ նիգերիացի Վենսան Էնյաման և իրանցի Ալիրեզա Հագիգին: Այն փոքրաթիվ հարվածները, որ կատարվեցին դարպասի ուղղությամբ, նրանք հաջողությամբ հետ մղեցին:
Օրվա աղոթքը. Իրան- Նիգերիա հանդիպման մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո աֆրիկացիները դաշտի կենտրոնում սկսեցին աղոթել. դարպասապահ Վենսան Էնյաման ծնկի իջավ, իսկ դաշտում գտնվող խաղացողները տեղավորվեցին նրա շուրջը: Հետաքրքիր է՝ ինչ առիթով էին նրանք դիմում Ամենաբարձրյալին. իրենց երախտագիտությո՞ւնն էին հայտնում, որ չեն պարտվել, թե՞ մի կաթիլ հաջողություն էին ուզում Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման համար:
Օրվա ամենաարագ գոլը. Աշխարհի առաջնության ամենարագ գոլը գրանցվեց ԱՄՆ-Գանա հանդիպման ժամանակ՝ ամերիկացիների թիմի ավագ Կլինտ Դեմպսիի կողմից: Խաղի 29-րդ վայրկյանին վերջինս հայտնվեց հակառակորդի տուգանային հրապարակում, պաշտպանի վերահսկողությունից ազատվեց և դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: Նշենք, որ այս գոլը աշխարհի առաջնությունների պատմության մեջ դեռևս ամենաարագը չէ. 2002 թվականին Թուրքիայի ընտրանու հարձակվող Հաքան Շուքյուրը աչքի ընկավ Հարավային Կորեայի հետ հանդիպման 12-րդ վայրկյանին: Իսկ Դեմպսիի գոլը ամենարագների շարքում առայժմ 5-րդն է:
Օրվա հերոսը. 5–րդ оրվա գլխավոր հերոսը դարձավ գերմանացի Թոմաս Մյուլերը: Պորտուգալիայի հետ խաղում մյունխենյան «Բավարիայի» հարձակվողը դաշտում անցկացրեց 82 րոպե և հասցրեց 3 գոլ խփել հակառակորդի դարպասը:
Օրվա հիասթափությունը. Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիստիանո Ռոնալդուն, մեծամասնության կարծիքով, գերմանացիների հետ խաղում չկարողացավ անել այն, ինչի ընդունակ է: Ի դեպ, պորտուգալացիների մարզիչ Պաուլու Բենտուն այս տեսակետների հետ համաձայն չէ և հայտարարել է, որ Ռոնալդուի պատրաստվածության հետ ոչ մի խնդիր չկա:
Оրվա հուզմունքը. Ֆուտբոլի մեծ երկրպագու, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ոգևորությամբ հետևում էր իր երկրի հավաքականի խաղին, ուրախանում և հուզվում ամեն մի խփած գնդակից հետո: Ի դեպ, խաղից հետո Անգելա Մերկելը հանդիպել է ֆուտբոլիստների հետ:
‘