‘ԱԱ-2018. Չեռնոգորիա-Հայաստան. Խաղից առաջ’

4831

2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ պայքարի դուրս կգա Չեռնոգորիայի ազգային ընտրանու դեմ: Խաղը տեղի կունենա Պոտգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտում: Այս հանդիպումը Հայաստանի հավաքականի համար չափազանց կարևոր է ու որոշիչ, քանի որ հաղթանակի դեպքում մեր թիմը հիանալի հնարավորություն կստանա պայքարը շարունակելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:

Արթուր Պետրոսյանի գլխավորած հավաքականն արդեն մրցավայրում է և պատրաստվում է հաշվետու խաղին:

Աշխարհի 2018թ.-ի առաջնության  ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն հոլանդացի մրցավարները:Հանդիպման գլխավոր մրցավարն է Կևին Ռայմոնդ Բերնի Բլոմը, նրան կօգնեն Դավի Գուսենսը, Յան դե Ֆրիսը, իսկ 4-րդ պաշտոնյան Պաուլուս վան Բյոկելն է, մրցավարների տեսուչը՝ Ադրիան Կաշան:

Թիմերն այս հանդիպմանը մոտենում են  տարբեր տրամադրությամբ: Եթե Չեռնոգորիան պարտվել է վերջին 3 հանդիպումներում, ապա Հայաստանի ֆուտբոլիստները հաղթել են: Ի դեպ, հաղթանակների այդ շարքը սկիզբ է դրվել հենց Չեռնոգորիայի հետ խաղում: Այդ ժամանակ չեռնոգորցիները 50-րդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով, սակայն հետո 3 գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Դրանից հետո Հայաստանի թիմը հաղթեց Ղազախստանին, ապա ընկերական խաղում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սենթ Քիթսի և Նևիսի դարպասը: Չեռնոգորիան, երևանյան պարտությունից հետո, նույն՝ 1:2 հաշվով պարտվել է Լեհաստանին և Իրանին:

Հայաստանի ազգային ընտրանու վերջին հաջողությունները, անկասկած, պայմանավորված են գլխավոր մարզչով: Այն բանից հետո, երբ Արթուր Պետրոսյանը գլխավորեց ազգային թիմը, փոփոխություններն ակնհայտ դարձան. Տղաներն հիմա ավելի լավ են խաղում և անգամ փորձում հանդես գալ 1-ին համարով:  Հայաստանի թիմը շատ վտանգավոր է հակագրոհների ժամանակ: Բավականաչափ արագ և  տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստները կարող են հիանալի գոլային պահեր ստեղծել: Իսկ Հենրիխ Մխիթարյանը, ով դարձել է «Մանչեսթր Յունայթեդի»  առաջատարներից մեկը, կարող է և´ վազել, և´ գոլեր խել, և´ պաշտպանվել:

Իհարկե, Չեռնոգորիան հազիվ, թե թույլ տա մեր տղաներին խաղալ առաջին համարով, մանավանդ Երևանում կրած տխուր պարտությունից հետո: Տանտերերը առաջ կգնան՝ փորձելով գոլ խփել: Գուցե դա նրանց հաջողվի, այնուհանդերձ, տանտերերը բաց կլինեն հակագրոհների համար: Հենց այստեղ էլ թաքնված է Հայաստանի հավաքականի հնարավորության բանալին:

Ի՞նչ է կատարվում այս խմբում

Հայաստանն ու Չերնոգորիան ընդգրկված են ընտրական փուլի 5-րդ խմբում: Անցկացրած հինգ խաղից հետո Չերնոգորիան, վաստակած 7 միավորով, Դանիայի հետ կիսում է 2-3-րդ տեղերը: Հայաստանն ու Ռումինիան ունեն 6-ական միավոր և բաժանում են 4-5-րդ տեղերը: Խմբի միանձնյա առաջատարը Լեհաստանն է ՝ վաստակած 13 միավորով, խումբն եզրափակում են ղազախները՝  2 միավորով:

Չերնոգորիայի հավաքականը տարել է 2 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել է ոչ-ոքի և կրել է 2 պարտություն, խփել է 10, բաց թողել 6 գոլ: Տնային երկու խաղից մեկում հաղթել է (Չերնոգորիա – Ղազախստան 5:0), մյուսում՝ պարտվել (Չերնոգորիա – Լեհաստան 1:2): Արտագնա երեք մրցավեճում տարել է մեկ հաղթանակ (Դանիա – Չերնոգորիա 0:1), մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի (Ռումինիա – Չերնոգորիա 1:1),  և կրել է մեկ պարտություն (Հայաստան – Չերնոգորիա 3:2):

Հայաստանի հավաքականը տարել է 2 հաղթանակ և կրել է 3 պարտություն, խփել է 6, բաց  թողել 10 գոլ: Արտագնա երկու խաղում պարտվել է (Դանիա – Հայաստան 1:0, Լեհաստան – Հայաստան 2:1): Տնային երեք մրցավեճում տարել է 2 հաղթանակ (Հայաստան – Չերնոգորիա 3:1, Հայաստան – Ղազախստան 2:0) և կրել է մեկ պարտություն (Հայաստան – Ռումինիա 0:5):

Պատմություն

Հայաստանն ու Չերնոգորիան պատմության մեջ հանդիպել են մեկ անգամ: Ընթացիկ ընտրական փուլի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Երևանում Հայաստանի ազգային ընտրանին կամային հաղթանակ է տարել 3:2 հաշվով:

Չերնոգորիայի հավաքականի  կազմը

Հայաստանի հավաքականի հետ խաղին նախապատրաստվելու համար Չերնոգորիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ՝ Մլադեն Բոժովիչ («Զետա»), Վուկաշին Պոլեկսիչ («Վաշաշ», Հունգարիա), Դանիել Պետկովիչ (ՄՏԿ, Հունգարիա), Միլան Միյատովիչ («Դեչիչ»):

Պաշտպաններ՝ Ստեֆան Սավիչ («Ատլետիկո», Իսպանիա), Ֆիլիպ Ստոյկովիչ («Մյունխեն 1860», Գերմանիա), Ադամ Մարուշիչ («Օստենդե», Բելգիա), Ժարկո Տոմաշևիչ («Օստենդե», Բելգիա), Նեմանյա Միյուշկովիչ («Տարազ», Ղազախստան), Էլսադ Զվերոտիչ («Սիոն», Շվեյցարիա), Մարկո Շիմիչ («Ռոստով», Ռուսաստան), Մարկո Բաշա («Լիլ», Ֆրանսիա), Դուշան Լագատոր («Չուկարիչկի», Սերբիա), Էմրա Կլիմենա («Սակրամենտո», ԱՄՆ)

Կիսապաշտպաններ՝ Մարկո Յանկովիչ («Պարտիզան», Սերբիա), Նեբոյշա Կոսովիչ («Պարտիզան», Սերբիա), Նիկոլա Վուկչևիչ («Բրագա», Պորտուգալիա), Մարկո Բակիչ («Ալկորկոն», Իսպանիա), Ալեքսանդր Շչեկիչ («Գենչլերբիրլիգի», Թուրքիա), Վուկա Սավիչիչ («Սլովան», Սլովակիա), Միրկո Իվանիչ (ԲԱՏԷ, Բելառուս), Դամիր Կոյաշևիչ («Վարդար», Մակեդոնիա), Վլադիմիր Յովովիչ («Սպարտակ Սուբոտիցա», Սերբիա), Սեյադ Խակշտաբանովիչ («Հալմշտադ», Շվեդիա)

Հարձակվողներ՝ Ստեֆան Յովետիչ («Ինտեր», Իտալիա), Ֆատոս Բեչիրայ («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Ստեֆան Մուգոշա («Կառլսրուե», Գերմանիա), Լուկա Ջորջևիչ («Զենիթ», Ռուսաստան), Միրկո Վուչինչիչ («Ալ-Ջազիրա», ԱՄԷ):

Գլխավոր մարզիչ՝ Լյուբիշա Տումբակովիչ

Հայաստանի հավաքականի կազմը

Չերնոգորիայի հավաքականի հետ խաղին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախապես հրապարակած ցուցակից դուրս են մնացել կիսապաշտպաններ Գոռ Մալաքյանն («Ստալ», Ուկրաինա) ու Արմեն Համբարձումյանը («Մորդովիա», Ռուսաստան) և դարպասապահ Դավիթ Յուրչենկոն  («Անժի», Ռուսաստան): Չերնոգորիա մեկնած կազմն ունի հետևյալ տեսքը:

Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Գրիգոր Մելիքսեթյան («Գանձասար-Կապան»), Արամ Հայրապետյան («Բանանց»):

Պաշտպաններ՝ Արմեն Մանուչարյան («Փյունիկ»), Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»), Գագիկ Դաղբաշյան («Ալաշկերտ»), Լևոն Հայրապետյան («Փեյքան», Իրան), Գաել Անդոնյան, («Վերիա». Հունաստան), Հրայր Մկոյան («Էսթեղլալ» Թեհրան, Իրան), Տարոն Ոսկանյան «Կարմիոտիսա», Կիպրոս):

Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Արաս Օզբիլիզ («Բեշիքթաշ», Թուրքիա), Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան), Էդգար Մալաքյան («Ստալ», Ուկրաինա), Մարկոս Պիզելի («Քսանթի», Հունաստան), Կամո Հովհաննիսյան («Տորպեդո-ԲԵԼԱԶ», Բելառուս), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Նարեկ Ասլանյան («Փյունիկ»):

Հարձակվողներ՝ Ռուսլան Կորյան («ԲՄԱ-Խաբարովսկ», Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Յենիսեյ», Ռուսաստան), Տիգրան Բարսեղյան («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա):

Փաստեր

  • ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Չերնոգորիայի ազգային հավաքականը զբաղեցնում է 52-րդ տեղը
  • ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 68-րդ տեղը

 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Ապրիլի պաշտոնական վիճակագրությունը հուշում է, որ վիճակն սկսում է ավելի վատանալ’
Հաջորդ հոդվածը‘Մոնտենեգրո — Հայաստան՝ 4:1. Ստեֆան Յովետիչը ջախջախեց մեր հավաքականին (տեսանյութ)’