ԱԱ-2022․ Անգլիայի հավաքականի տպավորիչ մեկնարկը՝ 6 գոլ (տեսանյութ)

134

Դոհայում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականը մրցեց Իրանի թիմի հետ եւ առավելության հասավ 6:2 հաշվով։

Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականի առաջին գոլը 2022թ․ աշխարհի առաջնությունում խփեց 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը՝ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմում միակ խաղացողը, որը չի ներկայացնում անգլիական Պրեմիեր լիգան։ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստը գլխի հարվածով մրցակցի դարպասը գրավեց 35-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուի փոխանցումից հետո։

43-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրի փոխանցումից հետո անգլիացիների առավելությունը կրկնապատկեց Լոնդոնի «Արսենալի» 21-ամյա կիսապաշտպան Բուկայո Սական։ Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին հաշիվը 3:0 դարձրեց Լոնդոնի «Չելսիի» 27-ամյա հարձակվող Ռահիմ Ստերլինգը, որին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնը։

62-րդ րոպեին Սական դուբլ ձեւակերպեց Ստերլինգի փոխանցումից հետո։ 3 րոպե անց հաշվի տարբերությունը կրճատեց Իրանի եւ պորտուգալական «Պորտուի» 30-ամյա հարձակվող Մեհդի Թարեմին։

71-րդ րոպեին Անգլիայի 5-րդ գոլը Քեյնի փոխանցումից հետո խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը դրանից 1 րոպե առաջ էր դուրս եկել փոխարինման։

 90-րդ րոպեին անգլիացիների 6-րդ գոլը խփեց «Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա կիսապաշտպան Ջեք Գրիլիշը, որին գոլային փոխանցում կատարեց «Նյուքասլի» 30-ամյա հարձակվող Կալում Ուիլսոնը։ Երկուսն էլ փոխարինման էին դուրս եկել երկրորդ խաղակեսում։

Ավելացված 12-րդ րոպեին Թարեմին 11-մետրանոցից խփեց երկրորդ գոլը։

Նշենք, որ Իրանի հավաքականի պորտուգալացի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշի օգնականներից է իրանահայ Մարգար Աղաջանյանը։

Հանդիպմանը տրիբունայից հետեւում էին նաեւ  Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆը եւ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատեր Դեւիդ Բեքհեմը։

B խմբում ընդգրկված են նաեւ ԱՄՆ-ի եւ Ուելսի թիմերը, որոնց հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

ԱԱ-2022, B խումբ, առաջին մրցափուլ

Անգլիա — Իրան՝ 6:2 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 35, Բուկայո Սակա, 43, 62, Ռահիմ Ստերլինգ, 45+1, Մարկուս Ռեշֆորդ, 71, Ջեք Գրիլիշ, 90 —  Մեհդի Թարեմի, 65, 90+12, 11մ 

Նախորդ հոդվածըԿԺԴՀ ղեկավարն առաջին անգամ աշխարհին ներկայացնում է իր դստերը
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Հոլանդացիները հաղթեցին Սենեգալի թիմին (տեսանյութ)