Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում մրցեցին 2018թ․ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիան եւ աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան։ Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Խորվաթիան։
Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 0:0։
Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց։ Գրեթե հավասար պայքարում Բրազիլիան ուներ որոշակի առավելություն, որն արտացոլվեց դարպասին կատարած 3 հարվածով։
3 սեյվ կատարեց Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։ Առաջին խաղակեսում Խորվաթիան մրցակցի դարպասին հարված կատարել չկարողացավ։
Երկրորդ խաղակեսում բրազիլացիները զգալի խաղային առավելություն ունեին եւ եւս 5 հարված կատարեցին խորվաթների դարպասը։ 5 դրվագում էլ սեյվի հեղինակ դարձավ Դոմինիկ Լիվակովիչը։ Գնդակի վերահսկողությամբ հավասարություն էր (50/50 տոկոս), սակայն դարպասին հարված կատարել Խորվաթիայի թիմին չհաջողվեց։
Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին անհատական անցում ձեռնարկեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Նեյմարը, երկու անգամ պատ խաղարկեց թիմակիցների հետ, գոլային փոխանցում ստացավ Լոնդոնի «Վեստ Հեմի» 25-ամյա կիսապաշտպան Լուկաս Պակետայից եւ գրավեց մրցակցի դարպասը (տեսանյութ)։ Նեյմարը 77-րդ գոլը խփեց ազգային թիմում՝ հավասարվելով ռեկորդակիր Պելեին։
117-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Զագրեբի «Դինամոյի» 28-ամյա հարձակվող Բրունո Պետկովիչը, որին գոլային փոխանցում կատարեց նույն ակումբի 29-ամյա հարձակվող Միսլավ Օրշիչը (տեսանյութ)։ Երկուսն էլ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն էին։ Ամբողջ հանդիպման ընթացքում խորվաթներն այդ մեկը հարվածը կատարեցին բրազիլացիների դարպասին։
Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին խորվաթները հաղթեցին 4:2 հաշվով եւ դուրս եկան կիսաեզրափակիչ։
Առաջին հարվածը կատարեցին խորվաթները։ Իտալական «Տորինոյի» 25-ամյա կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը գրավեց Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» 30-ամյա դարպասապահ Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը։
Բրազիլացիների առաջին հարվածը ձախողեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» 21-ամյա հարձակվող Ռոդրիգոն։ Լիվակովիչը սեյվ կատարեց։
Խորվաթներից ֆրանսիական «Ռենի» 24-ամյա կիսապաշտպան Լովրո Մայերը չվրիպեց։
Բրազիլիայի առաջին գոլը խփեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 30-ամյա կիսապաշտպան Կազեմիրոն։
Խորվաթիայից երրորդ հարվածն արդյունավետ իրացրեց «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
Բրազիլիայից հաջորդ հարվածը հաջող իրացրեց բրազիլական «Ֆլամենգոյի» 25-ամյա հարձակվող Պեդրոն։
Խորվաթիայից չորրորդ գոլը խփեց Օրշիչը։ Բրազիլացիներից վրիպեց նաեւ ՊՍԺ-ի 28-ամյա պաշտպան Մարկինյոսը։
1/8 եզրափակիչում Խորվաթիան հաղթել էր Ճապոնիային (1:1, 11մ՝ 3:1), Բրազիլիան՝ Հարավային Կորեային (4:1)։
Խորվաթիան կիսաեզրափակիչում կմրցի Նիդեռլանդներ — Արգենտինա զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ
Խորվաթիա —Բրազիլիա՝ 1:1 (0:0, 1:1, 11մ՝ 4:2)
Բրունո Պետկովիչ, 117 — Նեյմար, 105+1