ԱԱ-2022․ Մարոկկոն հաղթեց Պորտուգալիային եւ առաջին անգամ իսաեզրափակիչում է (տեսանյութ)

476

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երրորդ խաղում մրցեցին Մարոկկոյի եւ Պորտուգալիայի հավաքականները։

Նվազագույն հաշվով հաղթեց Մարոկկոյի թիմը։ Պորտուգալիայի հավաքականն ուներ մեծ տարածքային առավելություն՝ 73 տոկոս գնդակի վերահսկողությամբ, սակայն 3 հարված կատարեց մրցակցի դարպասին։

Իսկ Մարոկկոն իր 3 հարվածից մեկը վերածեց գոլի։ 42-րդ րոպեին Մարոկկոյի «Վիդադ» ակումբի 27-ամյա պաշտպան Յահյա Ատիատ-Ալլահի փոխանցումից հետո պորտուգալացիների դարպասը գրավեց իսպանական «Սեւիլիայի» 25-ամյա հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին (տեսանյութ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձյալ մնացել էր պահեստայինների թվում։ 37-ամյա հարձակվողի փոխարեն դարձյալ մեկնարկային կազմում էր Լիսաբոնի «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը։ 

Ռոնալդուն փոխարինման դուրս եկավ 51-րդ րոպեին անգլիական «Վուլվերհեմփթոնի» 25-ամյա կիսապաշտպան Ռուբեն Նեւեշի փոխարեն։ Սակայն Ռոնալդուն էլ գոլ խփել չկարողացավ։ Միայն մեկ անգամ նա հարվածեց դարպասին։ Գերազանց հանդիպում անցկացրած «Սեւիլիայի» 31-ամյա դարպասապահ Բունուն սեյվ կատարեց։

Ավելացված առաջին եւ երրորդ րոպեներին երկու դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց Մարոկկոյի հավաքականի ու իտալական «Բարիի» 24-ամյա հարձակվող Վալիդ Շեդիրան։ Թվային առավելությունն էլ գոլի վերածել Պորտուգալիան չկարողացավ։

1/8 եզրափակիչում Մարոկկոն հետխաղային 11-մետրանոցներով 3:0 հաշվով հաղթել էր Իսպանիայի հավաքականին։

Մարոկկոն կիսաեզրափակիչում կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի դիմակայության հաղթողի հետ։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Մարոկկո — Պորտուգալիա՝ 1:0 (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 42

Հեռացում՝ Վալիդ Շեդիրա (Մարոկկո), 90+3, երկրորդ դեղին քարտ

Նախորդ հոդվածըԱրգենտինան չորրորդ անգամ կխաղա ԱԱ-ի կիսաեզրափակիչում
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Ֆրանսիան պայքարից դուրս թողեց Անգլիային (տեսանյութ)