Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի նախավերջին խաղում մրցեցին Մարոկկոյի եւ Իսպանիայի հավաքականները։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլ խփել թիմերը չկարողացան՝ 0:0:
Հսկայական տարածքային առավելություն ուներ Իսպանիան (77 տոկոս գնդակի վերահսկողություն), սակայն 2 հարված կատարեց դարպասին, իսկ Մարոկկոն կարողացավ 3 անգամ հարվածել դարպասին։
Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Մարոկկոն՝ 3:0 (տեսանյութ)։
Իսպանիայի թիմի հենց առաջին հարվածն անհաջող էր։ Ֆրանսիական ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Պաբլո Սարաբիան հարվածեց ուղղահայաց դարպասաձողին։ ՊՍԺ-ի երկրորդ ներկայացուցիչն էլ ձախողեց։ 25-ամյա կիսապաշտպան Կառլոս Սոլերի հարվածից հետո սեյվ կատարեց իսպանական «Սեւիլիայի» 31-ամյա դարպասապահ Բոնոն։ Իսպանիայի երրորդ հարվածն էլ ձախողեց «Բարսելոնայի» 34-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
Մարոկկոյի թիմից 11-մետրանոցները հաջող իրացրեցին իտալական «Սամպդորիայի» 26-ամյա կիսապաշտպան Աբդելհամիդ Սաբիրին, Լոնդոնի «Չելսիի» 29-ամյա կիսապաշտպան Հակիմ Զիեշը եւ ՊՍԺ-ի 24-ամյա պաշտպան Աշրաֆ Հակիմին։
Վրիպեց միայն «Քաթար Էս Սի» ակումբի 29-ամյա պաշտպան Բադր Բենուն։
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Մարոկկո — Իսպանիա՝ 0-0 (11-մետրանոցներով՝ 3-0) (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Մարոկկոն դեկտեմբերի 10-ին քառորդ եզրափակիչում կմրցի Պորտուգալիա — Շվեյցարիա զույգի հաղթողի հետ: Պորտուգալացիներն ու շվեյցարացիները կմրցեն դեկտեմբերի 6-ին, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: