Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղում մրցեցին աշխարհի չեմպիոն Ֆրանսիան ու Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան։
2:1 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։
17-րդ րոպեին հեռվից կատարված հզոր հարվածով Լիվերպուլի «Էվերտոնի» 28-ամյա խաղացող Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը գրավեց Մադրիդի «Ռեալի» 22-ամյա կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը։
Առաջին խաղակեսում Անգլիան 3 հարված կատարեց, 3 սեյվի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» 35-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը։
54-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։ Սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտել էր Տչուամենին։
78-րդ րոպեին Գրիզմանի փոխանցումից հետո իտալական «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն խփեց Ֆրանսիայի հավաքականի հաղթական գոլը (տեսանյութ)։
84-րդ րոպեին VAR-ի հուշումից հետո դարձյալ 11-մետրանոց նշանակվեց Ֆրանսիայի հավաքականի դարպասին։ Այս անգամ Հարի Քեյնը բարձր հարվածեց։
Ֆրանսիան կիսաեզրափակիչում կմրցի Մարոկկոյի թիմի հետ, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Պորտուգալիային։
ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ
Անգլիա — Ֆրանսիա՝ 1:2
Հարի Քեյն, 54, 11մ — Օրելիեն Տչուամենի, 17, Օլիվիե Ժիրու, 78
Չիրացրած 11մ՝ Հարի Քեյն (Անգլիա), 84