Արգենտինայի հավաքականը դարձավ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ մասնակիցը:
1/8 եզրափակիչում արգենտինացիները 2-1 հաշվով առավելության հասան Ավստրալիայի նկատմամբ:
«Ալբիսելեստեի» կազմում հանդիպման 35-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին, որը կարիերայի 1000-րդ խաղում խփեց 789-րդ գոլը:
Դա «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի առաջին գոլն էր աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլում: Նախորդ 8 գոլերը Մեսին խփել է մրցաշարի խմբային փուլերում:
ԱԱ-2022-ում Մեսին խփեց երրորդ գոլը և հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող էկվադորցի Էներ Վալենսիային, ֆրանսիացի Կիլիան Մբապեին, իսպանացի Ալվարո Մորատային, անգլիացի Մարկուս Ռեշֆորդին և հոլանդացի Կոդի Գակպոյին:
Լիոնել Սկալոնիի թիմի առավելությունը խաղի 57-րդ րոպեին կրկնապատկեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը:
Ավստրալացիների միակ գոլը հանդիպման 77-րդ րոպեին արձագանագրվեց պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի ինքնագոլի արդյունքում:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը հաղթել էր C խմբում՝ շրջանցելով Լեհաստանի, Մեքսիկայի ու Սաուդյան Արաբիայի թիմերին: Ավստրալիան D խմբում առաջին տեղը զիջել էր Ֆրանսիայի հավաքականին, սակայն շրջանցել էր Թունիսին ու Դանիային:
Արգենտինայի հավաքականը մրցաշարի քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդների հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել ԱՄՆ-ին:
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Արգենտինա — Ավստրալիա՝ 2-1
Լիոնել Մեսի, 35, Խուլիան Ալվարես, 57 — Էնցո Ֆերնանդես, 77 (ինքնագոլ)