ԱԱ-2022-ի մասնակիցները. Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող ամենաուժեղ հավաքականը

151

A խմբում ընգրկված է Սենեգեալի հավաքականն է։Այս խմբի ֆավորիտը Նիդեռլանդների հավաքականն է, բայց երկրորդ տեղին հավակնում է Սենեգալը՝ Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող ամենաուժեղ հավաքականներից մեկը:

Սենեգալը 3-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության: Թիմը մասնակցել է Հարավային Կորեայում ու Ճապոնիայում կայացած ԱԱ-2002-ին, ինչպես նաև 2018-ին խաղացել է Ռուսաստանում:

Խաղային տակտիկա. Մեկնարկային կազմում այս թիմն ունի ֆուտբոլիստներ, որոնք խաղում են եվրոպական թոփ առաջնությունների առաջատար ակումբներում: Դարպասապահը Էդուարդ Մենդին է, պաշտպանության առաջատարը՝ Կալիդու Կուլիբալին: Այս երկուսը խաղում են «Չելսիի» կազմում: Աջ պաշտպանը Յուսուֆ Սաբալին է՝ «Բետիսից», մյուս պաշտպանն Աբդու Դիալոն է՝ «Լայպցիգից»: Կենտրոնում թիմն ունի ՊՍԺ-ի նախկին հենակետային Իդրիսա Գանա Գեյեին, հարձակման գծում էլ Սադիո Մանեն է:

Սենեգալի խաղային առանձնահատկությունը գրոհների ժամանակ խորքից երկար փոխանցումներն են, եզրերից կատարված բարձրից փոխանցումներն ու ստանդարտի խաղարկություններից գոլեր խփելը: Թիմի կազմը շատ հարմար է այդ տեսանկյունից, քանի որ կենտրոնական հարձակվողները՝ Բուլայե Դիան, Հաբիբ Դիալոն ու Բամբա Դինգը, բարձրահասակ են և շատ լավ են խաղում գլխով: Եզրերից Մանեն ու Սարը փորձում են արագության ու տեխնիկայի շնորհիվ մեկը մեկի դիմաց շրջանցել մրցակցին, իսկ եզրային պաշտպանները՝ Իսմաիլ Ջեկոբսն ու Յուսուֆ Սաբալին հարձակմանը միտված են, շատ հաճախ նրանք միանում են թիմի գրոհներին, ու չնայած՝ Սենեգալի հիմնական սխեման 4-3-3-ն է, գրոհների ժամանակ այն հաճախ վերածվում է 3-4-3-ի: 

Մարզիչը Ալիու Սիսեին է, ում  հաջողվեց նվաճել ԱԱ-2018-ի ուղեգիր, բայց խմբային փուլում Սենեգալը ձախողվեց՝ չանցնելով հաջորդ փուլ: Բայց նրան ժամանակ տվեցին և չսխալվեցին: Սիսեն դարձավ Սենեգալի հավաքականի հետ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած առաջին աֆրիկացի մարզիչը, ինչպես նաև առաջնորդեց թիմին դեպի հաղթանակ՝ Աֆրիկայի Ազգերի գավաթում:

Սենեգալի հավաքականի գլխավոր աստղը, միանշանակ, Սադիո Մանեն է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է, ու 2022-ին «Ոսկե գնդակի» ցանկում երկրորդն էր: Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ հարձակվողը տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», ու «Լիվերպուլում» նրա բացակայությունը շատ է զգացվում:

Իհարկե՝ պետք է նշել նաև Կալիդու Կուլիբալիին, որը պակաս կարևոր ֆուտբոլիստ չէ հավաքականի համար: Նա թիմի ավագն է, շատ լավ է ընտրում դիրքը, թիմային ու անհատական պաշտպանությունում երբեմն անգերազանցելի է, օգնում է թիմին նաև գրոհելիս՝ երկար փոխանցումներով:

Սենեգալի հավաքականն այնպիսի թիմ է, որը կարող է անակնկալ մատուցել ցանկացած հավաքականի՝ լինելով յուրաքանչյուր դիրքում բարձրակարգ ֆուտբոլիստ ունեցող թիմ:

Նախորդ հոդվածըԵՄ-ն Ուկրաինային 18 մլրդ եվրո տրամադրելու ծրագիրը կհստակեցնի նոյեմբերի 9-ին
Հաջորդ հոդվածըՊՆ-ն կողմ է դպրոցներում ռազմական պատրաստություն դասավանդելու գաղափարին