Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Կանադայի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային եւ զրկվեց 1/8 դուրս գալու հնարավորությունից։
Կանադացիները խաղի հաշիվը բացեցին արդեն երկրորդ րոպեին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 22-ամյա պաշտպան Ալֆոնսո Դեւիսի գոլի շնորհիվ (տեսանյութ)։
Խորվաթները պատասխան գոլը խփեցին 36-րդ րոպեին։ Գերմանական «Հոֆենհայմի» 31-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը (տեսանյութ)։
44-րդ րոպեին Խորվաթիային առաջ մղեց խորվաթական «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան (տեսանյութ)։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ շոտլանդական «Սելթիկի» 27-ամյա պաշտպան Յոսիպ Յուրանովիչը։
70-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչը դարձյալ օգտագորեց Պերիշիչի փոխանցումը եւ իր երկրորդ գոլը խփեց (տեսանյութ)։
Ավելացված չորրորդ րոպեին խորվաթների չորրորդ գոլը խփեց ֆրանսիական «Ռեանի» 24-ամյա կիսապաշտպան Լովրո Մայերը։
F խմբում Խորվաթիան 4 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունի Մարոկկոն, որը երկրորդ տուրում 2:0 հաշվով հաղթել էր Բելգիային (3 միավոր)։ Կանադան միավոր չունի։
Առաջին տուրում Խորվաթիան 0:0 հաշվով էր խաղացել Մարոկկոյի հետ, իսկ Կանադան պարտվել էր Բելգիային՝ 0:1:
Վերջին տուրում Խորվաթիան դեկտեմբերի 1-ին կխաղա Բելգիայի, Մարոկկոն՝ Կանադայի հետ։
ԱԱ-2022. F խումբ, երկրորդ տուր
Խորվաթիա — Կանադա՝ 4:1
Անդրեյ Կրամարիչ, 36, 70, Մարկո Լիվայա, 44, Լովրո Մայեր, 90+4 — Ալֆոնսո Դեւիս, 2
Աբդելհամիդ Սաբիրի, 73, Զաքարիա Աբուխլյալ, 90+2
Մրցաշարային դրություն․ Խորվաթիա՝ 4 միավոր, Մարոկկո՝ 4, Բելգիա՝ 3, Կանադա՝ 0։