ԱԱ-2022. Հարավային Կորեան հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

161

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբից 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած Պորտուգալիայի հավաքականի հետ միասին փլեյ-օֆֆ դուրս եկավ Հարավային Կորեայի հավաքականը:

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Հարավային Կորեայի հավաքականը մրցեց պորտուգալացիների հետ և կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։ 

Պորտուգալիայի հավաքականի կազմում խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց «Բրագայի» հարձակվող Ռիկարդո Հորտան, որի գոլին կորեացիները պատասխանեցին առաջին խաղակեսի միջնամասում։ Ասիական թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Հվան Հի Չանը, որը փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում։

Խմբի մյուս խաղում Ուրուգվայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Գանային։ Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ բրազիլական «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Խիորխիան դե Արասկետան: 0-0 հաշվի ժամանակ գանացիներից 11-մետրանոց հարվածը չկարողացավ անվրեպ իրացնել Կատարի «Ալ Սադի» հարձակվող Անդրե Այուն:

Պորտուգալիայի հավաքականը 6 միավորով հաղթեց H խմբում, իսկ Հարավային Կորեայի թիմը 4 միավորով երկրորդն է։ Նույնքան միավորով երրորդ տեղը զբաղեցրած Ուրուգվայը խփած ու բաց թողած գոլերի ցուցանիշով զիջեց ասիացիներին։ Գանան 3 միավորով գրավեց վերջին տեղը և ավարտեց ելույթները ԱԱ-2022-ում:

Պորտուգալիայի հավաքականը 1/8 եզրափակիչում դեկտեմբերի 6-ին կմրցի G խմբում (Բրազիլիա, Շվեյցարիա, Կամերուն, Սերբիա) երկրորդ տեղը զբաղեցրած թիմի հետ, իսկ Հարավային Կորեայի հաջորդ մրցակիցը կլինի G խմբի հաղթողը (դեկտեմբերի 5-ին):

ԱԱ-2022, երրորդ տուր

H խումբ

Գանա — Ուրուգվայ՝ 0-2 (տեսանյութ)

Խիորխիան դե Արասկետա, 26, 32

11-մետրանոցից վրիպում՝ Անդրե Այու, 21 (Գանա)

Հարավային Կորեա — Պորտուգալիա՝ 2-1 (տեսանյութ)

Կիմ Յոն Գվոն, 27, Հվան Հի Չան, 90+1 — Ռիկարդո Հորտա, 5

Նախորդ հոդվածը2022 թ․ ամենաթանկ քաղաքների վարկանիշը գլխավորում են Նյու Յորքը և Սիգապուրը
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Բրազիլիան պարտվեց, Շվեյցարիան նվաճեց վերջին ուղեգիրը, Սերբիան ու Կամերունը լքեցին պայքարը (տեսանյութ)