Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Նիդեռլանդների հավաքականը մրցեց Սենեգալի թիմի հետ։ Լուի վան Գալի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
84-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» 23-ամյա հարձակվող Կոդի Գակպոն։ Նրան գոլային փոխանցում կատարեց կատալոնական «Բարսելոնայի» 25-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։ Հոլանդացիներն ամբողջ հանդիպման ընթացքում այդ մեկ հարվածը կատարեցին դարպասին մինչեւ ավելացված ժամանակի վերջին րոպեն, երբ առավելությունը կրկնապատկեց «Այաքսի» 29-ամյա կիսապաշտպան Դավի Կլասենը (տեսանյութ)։
Սենեգալի թիմը 4 հարված կատարեց, չորսի դեպքում էլ սեյվ կատարեց հոլանդական «Հերենվեյնի» 28-ամյա դարպասապահ Անդրիես Նոպերտը։
A խմբում 3 միավոր ունի նաեւ Էկվադորի հավաքականը, որը բացման խաղում 2:0 հաշվով հաղթել էր Քաթարի թիմին։
Երկրորդ տուրում Նիդեռլանդները նոյեմբերի 25-ին կմրցի Էկվադորի, Սենեգալը՝ Քաթարի հետ։
ԱԱ-2022, A խումբ, առաջին տուր
Սենեգալ — Նիդեռլանդներ՝ 0:2 (տեսանյութ)
Կոդի Գակպո, 84, Դավի Կլասեն, 90+9