Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում սենսացիան պարտություն կրեց Գերմանիայի հավաքականը։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը մրցեց Ճապոնիայի թիմի հետ, որը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
Առաջինը հաջողության հասան գերմանացիները։ 33-րդ րոպեին Գերմանիան ստացավ 11-մետրանոցի իրավունք։ «ՌԲ Լայպցիգի» 24-ամյա կիսապաշտպան Դավիդ Ռաումի նկատմամբ կանոնները խախտեց ճապոնացիների դարպասապահ, ճապոնական «Շիմիցու Ս-Պուլսը» ներկայացնող 33-ամյա Շուիչի Գոնդան։
11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 32-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում մրցակցի դարպասը գրավեց Գերմանիայի թիմի եւ Լոնդոնի «Չելսիի» 23-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցը, սակայն VAR-ի կիրառումից հետո գրանցվեց խաղից դուրս վիճակ եւ հաշիվը չփոխվեց։
Երկրորդ խաղակեսում Ճապոնիայի հավաքականը կարողացավ երկու անգամ գրավել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը։ 75-րդ րոպեին պատասխան գոլը խփեց գերմանական «Ֆրայբուրգի» 24-ամյա կիսապաշտպան Ռիցու Դոանը (տեսանյութ)։ 83-րդ րոպեին ճապոնացիների հաղթական գոլի հեղինակը դարձավ գերմանական «Բոխումի» 28-ամյա հարձակվող Տակումա Ասանոն (տեսանյութ)։
E խմբի առաջին տուրի մյուս խաղում կմրցեն Իսպանիայի եւ Կոստա Ռիկայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
ԱԱ-2022, E խումբ, առաջին տուր
Գերմանիա — Ճապոնիա՝ 1:2 (տեսանյութ)
Իլկայ Գյունդոգան, 35, 11մ — Ռիցու Դոան, 75, Տակումա Ասանո, 83