Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբում ավարտվեց պայքարը: Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը 2-0 հաշվով հաղթեց ընդունող երկիր Կատարի թիմին, իսկ Աֆրիկայի չեմպիոն Սենեգալը թեժ մրցապայքարում առավելության հասավ Էկվադորի նկատմամբ՝ 2-1:
Կատարի դեմ խաղի 26-րդ րոպեին հոլանդացիների կազմում հաշիվը բացեց Էյնդհովենի ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոն, որը դարձավ նորամուտի ԱԱ-ում երեք անընդմեջ խաղերում գոլ խփած առաջին ֆուտբոլիստը Նիդերլանդների թիմում:
Գակպոն Մունդիալներում խփած գոլերով հավասարվեց Նիդերլանդների հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրույֆին, երկուսն էլ ԱԱ-ում ունեն երեքական գոլ:
49-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականի հաղթանակն ամրագրեց կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:
Զուգահեռ ընթացող խաղում 44-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է Սենեգալի հավաքականի և անգլիական «Ուոթֆորդի» հարձակվող Իսմայիլա Աարը:
67-րդ րոպեին Էկվադորի հավաքականի կազմում հաշիվը հավասարեցրել է անգլիական «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն: 2006 թվականից հետո առաջին անգամ էկվադորցիների կազմում ԱԱ-ում հարձակվող Էներ Վալենսիայից բացի այլ ֆուտբոլիստ գոլ խփեց: Վալենսիան աշխարհի առաջնություններում խփել էր իր թիմի նախորդ 6 գոլերը:
Կայսեդոյի գոլից երեք րոպե անց Սենեգալի հավաքականին կրկին հաշվի մեջ առաջ մղեց Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին:
Այսպիսով, A խմբում 7 միավորով առաջին տեղը գրավեց Նիդերլանդների հավաքականը, 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև Սենեգալի հավաքականը, որը 6 միավորով երկրորդ տեղում հանգրվանեց: Էկվադորցիները չորս միավորով մնացին երրորդ տեղում և Կատարի հետ, որը միավոր չվաստակեց, ավարտեցին պայքարն ԱԱ-2022-ում:
ԱԱ-2022, երրորդ տուր
A խումբ
Նիդերլանդներ — Կատար՝ 2-0 (տեսանյութ)
Կոդի Գակպո, 26, Ֆրենկի դե Յոնգ, 49
Էկվադոր — Սենեգալ՝ 1-2 (տեսանյութ)
Մոյսես Կայսեդո, 67 — Իսմայիլա Սար, 44, Կալիդու Կուլիբալի, 70