‘Աբդուլլահ Օջալանը գտնում է, որ թուրք-քրդական բանակցություններին պետք է մասնակցեն նաեւ հայերը’

823

Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորներ ունեցող միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) համանախագահ Սալահեդդին Դեմիրթաշը հանդիպել է Ստամբուլի մոտ գտնվող Իմրալի բանտում ցմահ բանտարկության դատապարտված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, Դեմիրթաշը որոշ տեղեկություններ է հայտնել այդ հանդիպման մասին: Նրա խոսքով` Օջալանն ասել է, որ քրդական խնդիրը Թուրքիայում լուծելու համար շուրջ 40 տարի շարունակվող իր պայքարը պարտիզանական է, եւ ինքն այդ պայքարի առաջնորդն է: Նրա խոսքով` այդ խնդիրը լուծելու համար ինքն անում է իրենից կախված ամեն բան, եւ թուրքական կառավարությունն ու խորհրդարանը չպետք է բաց թողնեն «ընձեռված հարմար պահը»:

Թուրքաբնակ քրդերի առաջնորդը Դեմիրթաշի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իր գլխավորած պայքարը «միայն թուրք-քրդական հաշտության հարց չէ, եւ բանակցություններին մասնակցող հանձնաժողովների կազմում պետք է ընդգրկվեն նաեւ հայերը, հրեաները, հույները, չերքեզները եւ ազգային մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչները»:

Դեմիրթաշի խոսքով` Օջալանը շատ վճռական է տրամադրված քրդական խնդիրն առանց զենքի եւ զոհերի լուծելու հարցում եւ գտնում է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պետք է բաց չթողնի առիթը եւ ընդունի իր առաջարկները:

Թուրքիայի իշխանություններն արդեն 5 ամիս է Օջալանի հետ բանակցություններ են տանում քրդական խնդիրն այդ երկրում խաղաղ ճանապարհով լուծելու շուրջ: Ենթադրվում է, որ Նովրուզի տոնին` մարտի 21-ին, Օջալանը հանդես կգա խնդրի լուծման իր տեսլականը հայրենակիցներին ներկայացնելու հայտարարությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ստում է, կամ նրա եղբայր Սաշիկն ավելի ազնիվ էր ‘
Հաջորդ հոդվածը‘Մեկշաբաթյա բացակայությունից հետո Բրիտանիայի թագուհին առաջին անգամ հանրային միջոցառման է մասնակցել’