‘
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան կոչ է արել երկպառակություն չսերմանել հայերի եւ աբխազների միջեւ։
Օրերս Վրաստանից անջատված այդ չճանաչված երկրում, որտեղ մեծաքանակ հայկական համայնք կա, վետերաններից մեկը կասկածի տակ է դրել հայերի՝ Վրաստանից անկախացման պատերազմում դերը: Նա նշել է, որ հայերը «պատերազմի վրա իրենց ձեռքերն էին տաքացնում»՝ սեփական նյութական շահը հետապնդելով: «Հայերը պետք է լքեն Աբխազիան, եթե Հայաստանը չճանաչի մեր անկախությունը», — ասել էր վետերանը: Աբխազիայի հայկական համայնքի խորհուրդը դրանից հետո պահանջել էր իշխանություններից դիրքորոշում հայտնել այս հայտարարության վերաբերյալ: Այսօր արդեն նախագահ Խաջիմբան զգուշացրել է, որ հայրենասիրությունը պետք չէ խառնել ազգայնականության հետ, հատկապես բազմազգ երկրում (հայերը աբխազներից հետո երկրորդ էթնիկ խումբն են Աբխազիայում-խմբ.):
«Ազգայնականությունն այն աղետն է, որը որոշ երկրներում դառնալով պետական գաղափարախոսություն, դրանք կործանման է հանգեցրել։ Բավական է հիշել միայն 20-րդ դարի կեսի ողբերգությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի հետեւանքով միլիոնավոր անմեղ մարդիկ զոհվեցին։ Դրա գլխավոր պատճառը դարձավ ֆյուրերի՝ ազգայնակնության վրա հիմնված գաղափարախոսությունը։ Թե ինչի այդ ամենը հանգեցրեց, բոլորս շատ լավ գիտենք»,-ասել է Աբխազիայի նախագահը։
Նա հավելել է, որ 20-րդ դարում Վրաստանի ղեկավարությունը հենց այդ գաղափախարսության հիման վրա պատերազմ սկսեց։ Ըստ նրա՝ սխալ է հավասարության նշան դնել հայրենասիրության եւ ազգայնականության միջեւ, քանի որ եթե առաջինում գերիշխում է սերը հայրենիքի հանդեպ, ապա երկրորդում ՝ մյուսների նկատմամբ ատելությունը։
«Աբխազիան մեր ընդհանուր տունն է, մեր ամրոցն ու օջախը։ Մենք թույլ չենք տա այն ներսից կործանել»,-ասել է նա՝ հավելելով, որ ատելությամբ զինվելով՝ ոչինչ չի կառուցվի, այլ հակառակը անդունդի եզրին կհայտնվեն։
‘