‘
Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ, Աբխազիայի հերոս Վաղարշակ Քոսյանը, ԱՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը, Լեոնի շքանշանի ասպետ Կարապետ Կարագյոզյանը և ԱՀ չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, Լեոնի շքանշանի ասպետ Վալերի Մայրոմյանը հանդես են եկել Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորության հանրային լայն քննարկում սկսելու առաջարկով:
Ինչպես հայտնում է abkhaz-auto.ru-ն, պատգամավորների կողմից ստորագրված դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է, որ Հարավային Կովկասի տարածքում շարունակվում են զարգանալ եվրասիական ինտեգրման գործընթացները, մայիսին կարճ ժամկետներում Մաքսային միությանն անդամակցելու իր մտադրության մասին է հայտարարել Հայաստանը:
«Վստահ ենք, որ այդ քայլն էական օգուտներ կբերի ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ Մաքային միության մյուս անդամ պետություններին: Մենք նույնպես ողջունում ենք Հայաստանի որոշումը, քանի որ եվրասիական ինտեգրման «անդրկովկասյան վեկտորի» ամրապնդումը մեծացնում է այդ ինտեգրացիոն կառույցներին որպես ինքնիշխան պետություն անդամակցելու Աբխազիայի շանսերը:
Գտնում ենք, որ արդեն այժմ Աբխազիան կարող է նպաստել տնտեսական ինտեգրման գործընթացներին Կովկասում և Անդրկովկասում` դառնալ այդ գործընթացների ակտիվ մասնակից: Դրա համար մենք կոչ ենք անում վերադառնալ նախկին Անդրկովկասյան երկաթուղու վրաց-աբխազական հատվածի բացման հարցի քննարկմանը: Լինելով առավել կարճ ու մատչելի՝ այդ հատվածը թույլ կտար հայկական արտահանվող ապրանքները Ռուսաստան հասցնել օպտիմալ ճանապարհով, իսկ Ռուսաստանն իր հերթին կայուն տրանսպորտային միջանցք ձեռք կբերեր Կովկասի, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների հետ:
Հնարավորությունները, որոնք ընձեռում է այս հարցի լուծումն Աբխազիային էական են: Արտաքին քաղաքականության տեսանկյունից Աբխազիայի` որպես իրավահավասար կողմ, մասնակցությունն այդ հարցի շուրջ քննարկումներին
կնպաստի հանրապետության միջազգային ճանաչման ընդլայնմանը: Տնտեսական տեսանկյունից բյուջեն հավելյալ եկամուտ ձեռք կբերի: Այսպես` երկաթուղին 10 մլն տոննայով բեռնելու դեպքում մեր երկիրը, որպես տարանցիկ պետություն, կարող է տարեկան մինչև 6 մլրդ ռուբլի աշխատել: Աբխազիայի մասնակցությունը անդրկովկասյան տրանսպորտային միջանցքին կնպաստի եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Աբխազիայի հետագա ընդգրկմանը:
Մենք կոչ ենք անում այդ հարցը հանրային լայն քննարկում սկսել, այդ թվում` նախագահի թեկնածուների մասնակցությամբ, որպեսզի Աբխազիայի ընտրված նախագահը պաշտոնը ստանձնելուց հետո երկաթուղու վրաց-աբխազական հատվածի բացման շուրջ բանակցություններ նախաձեռնի»,- ասվում է դիմումի մեջ:
Բրիտանական International Alert ոչ կառավարական կազմակերպության հետազոտությունների համաձայն, 1991 թվականից անգործության մատնված Սոչի-Սուխում-Թբիլիսի-Երևան ուղեգծով աբխազական երկաթուղու վերակառուցումը կարժենա 277,5 մլն դոլար, որը կհաջողվի վերադարձնել առնվազն 100 տարի հետո: Ուշագրավ է, որ աբխազ փորձագետների պաշտոնական եզրակացությունների համաձայն, այդ գումարը կազմում է 350-400 մլն դոլար, մինչդեռ նրանց վրացի գործընկերները կարծում են, որ դրա համար կպահանջվի 73 մլն դոլարից ոչ ավելի:
‘