‘Աբխազիայում պատրաստ են քննարկել երկաթուղու ապաշրջափակման հարցը’

989

Երկաթուղին հետաքրքրում է ոչ միայն Աբխազիային, այլև` ողջ կովկասին և, առաջին հերթին, Հայաստանին: Մենք պատրաստ ենք խոսել այդ թեմայի շուրջ, առավել ևս, որ դա ենթադրում է լրացուցիչ մուտքագրումներ Աբխազիայի բյուջե: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, այդ մասին հայտարարել է Ռաուլ Խաջիմբան, ով հաղթել է օգոստոսի 24-ին կայացած վաղաժամկետ նախագահական ընտրություններում: Խաջիմբայի խոսքով, Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը հաստատված է և գործում է անխափան: «Երկաթուղու արդիականցման աշխատանքների որոշակի ծավալ հաջողվել է իրականացնել Ռուսաստանի վարկի օգնությամբ: Այժմ հարկավոր է վերակառուցել կայարանային համալիրը: Դա Աբխազիայի դարպասն է, սակայն, դժբախտաբար, անշուք վիճակում է: Հուսով եմ` մենք կարող ենք դա փոխել», — հայտարարել է նա:

Նշենք, որ աբխազական երկաթուղու միջանցիկ հատվածի վերականգնման դեպքում Հայաստանն Այրում-Սադախլո տեղամասի միջոցով հնարավորություն կստանա շարունակել երկաթուղային հաղորդակցությունը Փոթիից մինչև Կրասնոդարի երկրամաս և ավելի հեռու: Երկաթուղու 221 կմ աբխազական  տեղամասը Փսոուից (աբխազառուսական սահման) մինչև Ինգուրի (աբխազավրացական սահման) Հայաստանի և Վրաստանի համար փակ է 1992 թվականի օգոստոսի 14-ից, Ինգուրի գետի կամրջի պայթեցումից հետո: Որպես արդյունք` տվյալ պահին «Ռուսական երկաթուղիների» հավատարմագրային կառավարման ներքո գործող հայկական «Հարավ-կովկասյան երկաթուղու» հնարավորությունները սահմանափակվում են ուղևորափոխադրուներով և բեռնափոխադրումներով Հայաստանի ներսում և դեպի Վրաստան` Փոթիի և Բաթումի նավահանգիստներ:

Նախորդ հոդվածը‘ԱՊՊԱ պայմանագրերը թանկացել են, բայց պաշտոնական հայտարարություն չի եղել’
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունների պահանջով՝ չինացի պաշտոնյաներն արտասահմանից վերադարձրել են իրենց ընտանիքները’