‘
Աբխազական ընդդիմությունը փորձել է Սուխումում գրոհով վերցնել ՆԳՆ շենքը: Մոտավորապես 700 ցուցարարներ պահանջում են ինքնահռչակ հանրապետության ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձապշբայի հրաժարականը:
Ինչպես հաղորդել է Интерфакс-ը, ցուցարարներին հաջողվել է կոտրել արտաքին դարպասը և ներխուժել նախարարության բակ: Հրապարակում հավաքվածները հայտարարել են, որ չեն ցրվի այնքան ժամանակ, քանի դեռ Աբխազիայի նախագահը պաշտոնանկ չի արել ՆԳ նախարարին:
Ընդդիմադիրները նախարարի հրաժարականն են պահանջում «երկրում քրեածին իրավիճակի վատթարացման և հանրաքվեի հետ կապված՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումների» պատճառով:
Հուլիսի 10-ին Աբխազիայում հանրաքվե է տեղի ունենալու՝ հանրապետության ղեկավարի վստահության և արտահերթ նախագահական ընտրությունների հարցերով: Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է հանրաքվեն ձախողելու փորձերի մեջ և պահանջում է քվեարկությունը տեղափոխել աշուն, սակայն իշխանությունները հրաժարվում են փոխել հանրաքվեի անցկացման ամսաթիվը:
Փոխանցում է BBC-ն:
‘