‘Աբխազիան միանում է պատժամիջոցներին՝ ընդդեմ Թուրքիայի’

911

Վրաստանից անջատված Աբխազիայի իշխանությունները որոշում են կայացրել միանալ Մոսկվայի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին:

Աբխազական կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ մինչև հունվարի 20-ը գերատեսչությունները պետք է պատրաստեն հնարավոր սահմանափակող միջոցառումների ցուցակը: Մասնավորապես, աբխազական իշխանությունները նախատեսում են սահմանափակել Թուրքիայից առանձին ապրանքատեսակների ներմուծումը, մեծացնել թուրքական ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկողությունը, ինչպես նաև արգելել թուրքական ձեռնարկություններին պետական աջակցության ցուցաբերումը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ չճանաչված հանրապետությունն այդ քայլին գնում է ռազմավարական գործընկերության  մասին 2014 թ. Ռուսաստանի հետ կնքած պայմանագրի համաձայն: Ռուսաստանն այն չորս երկրներից մեկն է, որը ճանաչել է Աբխազիայի անկախությունը: Մյուս երեքն են՝ Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն: Թուրքիան Աբխազիայի անկախությունը չի ճանաչել:

Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել այն բանից հետո, երբ 2015 թ. նոյեմբերին թուրքական կործանիչը խոցեց Սիրիայում անցկացվող գործողությանը մասնակցող ռուսաստանյան ռմբակոծիչը: Պատժամիջոցները, մասնավորապես, ներառում են արգելք թուրքական որոշ սննդամթերքի ներմուծման, տուրիստական ուղեգրեր վաճառելու նկատմամբ: Արգելվում է նաև թուրքական շինարարական ընկերությունների աշխատանքը Ռուսաստանում: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Արենի-Խաչիկ ավտոճանապարհին իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ’
Հաջորդ հոդվածը‘Հետամանորյա. Լավ է լինելու’