‘Աբովյան քաղաքում տեղի ունեցած սպանության մեղավորները ձերբակալվել են’

858

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 10-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք էր գործել բնակարան, բութ գործիքով 6 անգամ հարվածել 1944 թ. ծնված Ռաիսա Մարգարյանի գլխին, նրան տեղափոխել լոգարան, խեղդամահ արել, այնուհետև ննջասենյակից հափշտակելով 250.000 դրամ և ոսկյա իրեր` դիմել փախուստի:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (Սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 03.15-ին, Աբովյան քաղաքից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Վարդան Բ.-ն, իսկ ժամը 04.35-ին Գեղարքունիքի մարզի Դպրաբատ գյուղից՝ 1991 թ. ծնված Համլետ Հ.-ն, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ, որ Ռաիսա Մարգարյանի սպանությունը կատարել են իրենք:

Գողոնը մասամբ առգրավված է:

Վարդան Բ.-ն և Համլետ Հ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն: 

Նախորդ հոդվածը‘Եզդիները նախատում են միջազգային հանրությանը՝ անգործության համար’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում տեղի կունենա Արհեստների և արվեստի 2-րդ փառատոնը ‘