‘Աբու Տրդատ Ալ Լիունի. Հորս արևը և Արև աստղը. քաղաքական ռեալիզմի և իդեալիզմի մասին’

2643

Հասարակական գիտակցության մանիպուլյացիայի ամենապարզ և ամենատարածված ձևերից մեկը վերացական, ընդհանուր եզրերի չարաշահումն է: Խնդիրն այն է, որ վերացական եզրերը (տարատեսակ «-իզմ»-երը և «-ությունները»), եթե հստակ սահմանված և նյութական՝ կոնկրետ բովանդակությամբ լցված չեն, իրենք իրենցով ոչինչ չեն նշանակում, դատարկ ձև են` քամու տատանում և անմիտ բառախաղի առիթ: Մյուս կողմից էլ` վերացական եզրերն ունեն իրենց հատուկ հմայքը. մարդկանց թվում է, թե որքան ավելի խոսքը հագեցած է դրանցով, այնքան ավելի խելոք և գիտական է:

Ի դեպ, նույնիսկ կոնկրետ, նյութական առարկաներ նշանակող բառերի դեպքում ամեն բան այդքան պարզ ու հեշտ չէ: Ասենք, «արև» բառը հայերենում նշանակում է նույնն` ինչ ռուսերեն «солнце»-ն կամ անգլերեն «sun»-ը, և թվում է, թե այդ երկուսի ճշգրիտ համարժեքն է, մինչդեռ «հորս արև» կապակցության մեջ` լրիվ այլ բան է նշանակում, և բառացի՝ «солнце моего отца» ու «sun of my father» թարգմանության դեպքում ստանում ենք անհեթեթություն: Այսինքն՝ «արև» բառի նշանակությունը կախված է կոնկրետ խոսքում իր կոնկրետ տեղից, այլ բառերի հետ կապից և այլն: Այլ կերպ ասած՝ նույնիսկ այդպիսի պարզ և շոշափելի բառի դեպքում վերացականությունը հակացուցված է. ճիշտ հասկանալու և թարգմանելու համար անհրաժեշտ է ճշտել, թե ի՛նչ «արև»-ի մասին է խոսքը՝ Արև աստղի՞, թե՞ «հորս» արևի:

Իսկ հիմա պատկերացնենք, որ խոսում ենք ոչ թե արևի պես շոշափելի երևույթի, այլ այնպիսի վերացական հասկացությունների մասին, ինչպիսիք են` քաղաքական ռեալիզմը, իդեալիզմը, պրագմատիզմը և այլն: Իհարկե, անհեթեթ կլիներ պահանջել, սահմանում տալ բոլոր այն դեպքերում, երբ որևէ մեկն օգտագործում է մի որևէ վերացական եզր. նույնիսկ գիտության մեջ նման պահանջ չկա ամեն տվյալ դեպքի համար: Բայց այլ բան է, որ ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք վերացականությունների, մանավա՛նդ դրանցից կարևորներին, խոսակցության թեմա ստեղծողներին, պետք է գոնե վստահ լինենք, որ դրանք օգտագործելուց` ամեն տվյալ դեպքում հստակ գիտակցում ենք, թե ի՛նչ նկատի ունենք, և մեր նկատի ունեցածը հնարավորինս նյութական է ու կոնկրետ:

Հայկական միջավայրից նման բան ակնկալելն, իհարկե, խնդրահարույց է: Վերջերս, օրինակ, տարբեր տեղերում նկատում եմ կարծիքներ քաղաքական ռեալիզմի, պրագմատիզմի և դրան հակադրվելու մասին: Շատ տարբեր, այդ թվում` ինձ համակրելի մարդիկ են արտահայտվում, բայց կասկած ունեմ, թե իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ի՛նչ նկատի ունեն, և ինչի՛ն, ինչո՛վ ու ինչո՛ւ են հակադրվում: Իհարկե, խոսքը մեծամասամբ ոչ թե գիտակցված մանիպուլյացիայի, այլ վերացականությունների մանիպուլյատիվ բնույթին զոհ գնալու մասին է: Արժե փորձել մի երկու խոսքով որոշ պարզաբանումներ անել այս թեմայի շուրջ:

Նախապես նշեմ, որ իմ շարադրած մտքերը նույնպես չեն հավակնում լինել ոչ միայն վերջին ճշմարտություն, այլև նույնիսկ գիտականորեն ճշգրիտ սահմանումներ: Ավելին, գուցե տեղ-տեղ նունիսկ հակասեն քաղաքագիտական ընդունված բառօգտագործմանը: Գրածս հիմնված է ավելի շատ անձնական փորձի, անձնական մտորումների, նաև՝ որոշ չափով փիլիսոփայական, այդ թվում` քաղաքական փիլիսոփայության (սա մի քիչ տարբեր է զուտ քաղաքագիտությունից) գրականության վրա:

Խոսում ենք քաղաքական ռեալիզմից` նույնացնելով պրագմատիզմի հետ և հակադրելով իդեալիզմին, ռոմանտիզմին կամ ուտոպիզմին: Ի՞նչ են դրանք:

Ասեմ միանգամից, որ ըստ իս` չկա իդեալիզմ-ռեալիզմ իրական հակադրություն, նաև՝ չկա և չի կարող լինել ոչ պրագմատիկ քաղաքականություն, իսկ ռոմանտիզմը, ուտոպիզմը և իդեալիզմը ոչ թե նույնական, այլ միանգամայն տարբեր հասկացություններ են:

Նախ՝ խոսենք ռեալիզմից և իդեալիզմից:

Համարձակվեմ պնդել, որ ոչ իդեալիստական քաղաքականություն չկա, ճիշտ այնպես` ինչպես չկա ոչ ռեալիստական քաղաքականություն, և մի պնդումը չի հակասում մյուսին: Ինչպե՞ս:

Ցանկացած քաղաքականություն կարող ենք ուղղված համարել կա՛մ իրավիճակի փոփոխությանը, կա՛մ փոփոխություններին դիմադրելուն: Երկու դեպքում էլ քաղաքականությունն ունի իրավիճակի հետ չհաշտվելու տարր՝ մի դեպքում ձգտելով իրավիճակի փոփոխմանը, մյուս դեպքում` դիմադրելով փոփոխության հզոր միտմանը: Այսինքն, քաղաքականությունը չի կարող լիովին համընկնել, բավարարված լինել տրված իրավիճակով: Եթե որևէ իրավիճակ լիովին բավարարում է մարդկանց, ապա քաղաքականության իմաստը կորչում է: Միայն այդպիսով արդեն ցանկացած քաղաքականություն իդեալիստական է, քանի որ ձգտում է ստեղծել, փոխել կամ գոնե դիմադրելով փոփոխման միտումներին` պահպանել հանուն իդեալի, նպատակի, արժեքի: Իհարկե, պահպանողականության հարցն այստեղ ավելի վիճելի է: Կա գաղափարական պահպանողականություն, և կա զուտ աննպատակ կառչում իշխանությունից, տրված իրականությունից: Եթե խորանանք, ապա կարող ենք վիճարկել վերջին դեպքի «քաղաքականություն» կոչվելու իրավունքը: Բայց մեզ համար դա այդքան էլ էական չէ: Էական է ավելի ակնհայտ օրինակը՝ փոփոխմանն ուղղված քաղաքականությունը:

Ավելի կոնկրետ: Եթե որևէ անհատ կամ խումբ ընդդիմանում է, փոփոխությունների է ձգտում բռնապետության պայմաններում, ապա այդ անհատը կամ խումբն արդեն այդքանով իդեալիստ է, որովհետև չի հարմարվում, դիմադրում է տրված իրականությանը, տրված փաստերին:

Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ ռեալիզմը: Եթե իդեալիզմը վերաբերում է ձգտումներին կամ նպատակին, ապա ռեալիզմը միջոցի, մեթոդի խնդիրն է: Այսինքն՝ իդեալիզմն ու ռեալիզմը չեն հակադրվում թեկուզ միայն այնքանով, որ տարբեր դաշտերում, տարբեր մակարդակներում են գտնվում: Ինչպես որ` չեն կարող հակադրվել նպատակն ու միջոցը, ծրագիրը և գործիքը, նույնպես և` չեն կարող հակադրվել իդեալիզմն ու ռեալիզմը: Անշուշտ, մեզ այստեղ կհուշեն «իդեալ» և «ռեալ» «պոլիտիկի» հայտնի միջազգային հայեցակարգերի մասին: Թող դրանցից խոսեն քաղաքագիտության մասնագետները, բայց ես չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է հուշել «իդեալ» պոլիտիկի որևէ օրինակ, որն իրականացվել է ոչ ռեալիստական միջոցներով: Այստեղ ռեալիզմին պետք է հակադրվի ոչ թե իդեալիզմը, այլ իռեալիզմը՝ անիրապաշտությունը կամ գուցե ասենք՝ սյուրռեալիզմը, և պարզ է, որ իռեալիստական քաղաքականություն գոյություն ունենալ չի կարող, եթե բացառենք բառախաղերը: Մեկը կարող է համարել, որ պետք է աշխարհով մեկ տարածել դեմոկրատական արժեքները, և դա անվանել իդեալիզմ, իսկ մյուսը համարել, որ դա անիմաստ է, բայց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն կարող կես քայլ իսկ անել առանց իրապաշտական հաշվարկի և ծրագրավորման: Ամեն դեպքում սա էլ մեզ համար զուտ տեսական հարց է, որովհետև, կրկնեմ, բռնակալությանը դիմադրող ընդդիմությունն արդեն իսկ իդեալիզմի ոլորտին է պատկանում իր նպատակով:  

Ռեալիզմն, ուրեմն, ոչ թե նպատակի, այլ միջոցի ոլորտն է: Նախ՝ նպատակը պետք է ռեալիստորեն դրվի կամ սահմանվի: Ոչ ոք, նույնիսկ ամենամեծ իդեալիստը չի կարող քաղաքական համարել, ասենք, ամառներն Արարատյան դաշտում զով դարձնելու նպատակը: Քաղաքական կարող է կոչվել որևէ նպատակ միայն այն դեպքում, եթե դա սահմանողը գոնե ինքը հավատում է դրա իրականանալիությանը: Որովհետև քաղաքականությունը գործնական ոլորտ է, այլ ոչ թե` զուտ տեսական: Կանխավ անիրականանալի համարվող քաղաքական նպատակ դնելն անհեթեթություն է՝ նպատակ դնողը գոնե ինքը պետք է դա համարի իրականանալի ինչ-որ ապագայում, ընդ որում` իրականանալի ոչ թե ընդհանրապես, այլ իր այս պահի կոնկրետ գործողություններից բխած:

Երկրորդ՝ պետք է ներկայացվեն նպատակին հասնելու հաշվարկ և կոնկրետ ծրագիր, որոնք ելնում են տվյալ պահի և տվյալ երկրի իրականությունից: Այս իմաստով նույնպես ոչ մի, նույնիսկ ծայրահեղ իդեալիստական քաղաքական ուժ չի կարող ռեալիստ չլինել, այսինքն` չի կարող որևէ կերպ հաշվի չառնել առկա պայմանները: Օրինակ, շատերը կարող են շատ բան խոսել, բայց եթե մի օր իրապես փորձեն իշխանափոխություն իրականացնել բռնապետական երկրում, ապա չունեն այլ տարբերակ, քան այդ երկրում գոյություն ունեցող բոլոր ուժերի ամենալայն համախմբումը փորձել ապահովել՝ դաշնակցելով ամենատարբեր և հակադիր խմբերի հետ: Մարդկային պատմությանն այլ միջոց հայտնի չէ նման դեպքերում: Նմանապես ոչ ոք ի զորու չէ քաղաքական նպատակ իրականացնել` ելնելով պայմաններից, որոնք չկան, կամ էլ` պահանջել ինչ-որ իդեալական պայմաններ:

Երրորդ՝ քաղաքականությունը գաղափարին, նպատակին, իդեալի իրականացմանն ուղղված գործողություն է: Քաղաքականության ողջ իմաստն իրականացումն է, այլ ոչ թե` միայն տեսական դատողությունը, հետևաբար` այս իմաստով էլ չի կարող լինել ոչ ռեալիստական, ոչ իրապաշտական քաղաքականություն:

Իհարկե, իրապաշտական հաշվարկը դեռ չի նշանակում, որ քաղաքական նպատակն անպայման կիրականանա: Ավելորդ է երևի ասել, որ ցանկացած մարդկային հաշվարկ չի կարող բացարձակ լինել (թեև Հայաստանում նույնիսկ նման պարզ ճշմարտությունները հաճախ ավելորդ չէ հիշեցնել): Խոսքը միայն պայմանական ռեալիզմի մասին է: Եվ գոնե նպատակ դնողն ինքը, եթե բացահայտ իդիոտ կամ ծաղրածու ու իմիտատոր չէ, պետք է հավատա իր սահմանած քաղաքական նպատակի իրականանալիությանը: Շեշտե՛մ. խոսքը քաղաքական նպատակի և քաղաքականության մասին է, ոչ թե, ասենք` արվեստի, այլախոհության, կրոնի և այլն, որոնք տարբեր ոլորտներ են և կարող են ունենալ այլ կանոններ:

Օրինակ, որևէ մեկը, նույնիսկ սովետական կարգերի ամենամեծ թշնամին և աշխարհիս ամենաթունդ իդեալիստը չէր կարող իր նպատակը դարձնել Հայաստանում ապստամբության բարձրացումը Սովետի դեմ 1937 թվականին, որովհետև ինքնին պարզ է, որ նպատակը դեռ չսահմանած` նրան գնդակահարելու էին պատի տակ: Բայց ահա, երբ սովետական կարգերը մի փոքր մեղմացան, արդեն հնարավոր դարձավ այլախոհությունը, որը քաղաքականությունից տարբեր է, բայց հասարակական դիմադրության ձևերից մեկն է:

Բայց կասեն` ինչպե՞ս թե, ա՛յ օրինակ` Վարդան Մամիկոնյանը չվախեցավ Պարսից հզոր կայսրության դեմ ապստամբել: Նրանք, ովքեր կարծում են, որ Վարդան Մամիկոնյանը և նրա նմանները` ապստամբելիս իրապաշտական չէին համարում իրենց առջև դրած նպատակները, այլ պատրաստվում էին աննպատակ կոտորել հայ ազնվականության ծաղիկը, միայն թե մտնեին պատմության դասագրքերի մեջ` որպես ռոմանտիկ հերոսներ, նախևառաջ վիրավորում են ապստամբողներին, կամ էլ կլինիկական իդիոտ լինելով` իդիոտի տեղ են դնում միջնադարյան հայ ազնվականությանը (ազնվականությունը որևէ երկրում երբեք ռոմանտիկ իդիոտիզմով չի տառապել): Նման ապստամբություններ կազմակերպելու համար մարդիկ, նախ, պետք է դրա հնարավորությունն ունենային. օրինակ` 5-րդ դարի հայերն ունեին սեփական զորք, հմուտ զորավարներ, բնակչության աջակցություն և այլն, երկրորդ՝ ապստամբները պետք է իրական համարեն իրենց նպատակը: Այլ բան է, որ նրանք կարող են սխալվել, հաշվարկը կարող է թույլ կամ վիճելի լինել: Կոնկրետ Վարդանանց դեպքում, համենայն դեպս, նպատակներից կարևորը լուծվեց՝ հայերին դավանափոխ անելու քաղաքականությունից պարսիկները հրաժարվեցին` չնայած պատերազմում հայերի պարտության և երկրի ծանր կորուստների: Այսինքն՝ Վարդանանց հաշվարկը մասամբ էր սխալ, բայց մի մասով էլ ճիշտ էր:

Նույնիսկ ավելի սխալ և ավելի թույլ հաշվարկների և ձախողված ձեռնարկումների դեպքում` մարդիկ, որոնք դրանք ձեռնարկել են` համարել են իրենց նպատակները ռեալիստական: Օրինակ, 1894-ի Սասունի ապստամբությունն ամենաթույլ հաշվարկած գործողություններից մեկը կարելի է համարել հայոց պատմության մեջ՝ հեշտ կանխատեսելի ձախողմամբ: Բայց պատկերացրեք` հնչակյան գործիչները, որոնք դա ծրագրավորել և իրականացրել են, նախապես այդպես չեն համարել: Ապստամբությունը ծրագրավորողները չեն կարծել, որ իրենք պետք է կարողանան ազատել Սասունն ու տապալել Օսմանյան լուծը (այդքան մազալու բաներ նույնիսկ նրանք չէին կարող մտածել, որովհետև ամեն դեպքում` թեկուզ հայ, բայց հետսովետական հայ մտավորականներ չէին): Բայց նրանք մտածում էին, որ ապստամբեցնելով Սասունը` կստիպեն եվրոպական պետություններին միջամտել և հայերի համար ավելի բարենպաստ պայմաններ ապահովել: Իհարկե, սա, ինչպես փորձն էլ բազմիցս ցույց տվեց, հիմնովին սխալ, եթե չասենք` հիմար հաշվարկ էր, բայց ուզում եմ ցույց տալ, որ նույնիսկ ամենաձախողված քաղաքական ձեռնարկումները գոնե պարզունակ հաշվարկ ունեն իրենց հիմքում, և հաշվարկողներն իրենց մտածածը համարել են իրապաշտական:

Կարելի է դեռ երկար խոսել այս թեմայով, մանավանդ` հայոց պատմությունից առատ օրինակներ բերել, բայց հուսամ` այսքանից էլ պարզ է, որ այն` ինչ փորձում են մեզ հրամցնել որպես քաղաքական իդեալիզմի և ռեալիզմի հակադրության քննարկում, կապ չունի բուն թեմայի հետ, այլ խոսակցություն է ոչ մի բանի մասին, որը փլուզվում է` հենց փորձում ես կոնկրետացնել տեսական դրույթների կամ պատմական օրինակների միջոցով: Մարդիկ, որոնք այսօր փորձում են ինքնահաստատվել՝ հակադրվելով քաղաքական ռեալիզմին և իրենք իրենց իդեալիստ հռչակելով, թվում է, թե` իրոք չեն հասկանում, թե ինչից են խոսում, և հակադրության միտումը զուտ մանկական է՝ «պապայի ասածին դեմ լինեմ, որ իրենից մեծ տղա զգամ» սկզբունքով: 

Նախորդ հոդվածը‘Հայտնի են դարձել «Ոսկե գնդակի» հավակնորդները ‘
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. « Այժմ բացասական տեսանկյունից մեր մասին խոսելը հեշտ է, սակայն ես դրա համար ոչ ոքի վրա չեմ զայրանում»’