‘Աբու Տրդատ Ալ Լիունի. Ո՞վ է իրականում «սեպ խրողը»’

2815

Կա՞ արդյոք հայաստանցի-ղարաբաղցի խնդիր: Իհարկե կա ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Լեռնային Ղարաբաղում: Կա ե՛ւ կենցաղային մակարդակում, կա ե՛ւ քաղաքական-հասարակական ընկալումներում: Ժխտել դա՝ նշանակում է՝ աչք փակել ակնհայտ իրողության վրա:

Իսկ արդյո՞ք այդ խնդիրն այդքա՛ն դրամատիկ է, որքան թվում է հայաստանցիներից շատերին: Իհարկե ո՛չ, նույնիսկ ծիծաղելի է դրա մասին խոսել:

Մյուս հարցը. ուղղորդվո՞ւմ են արդյոք Բերձորի դեպքերին հաջորդած հակաղարաբաղյան դրսեւորումները մեր հանրային գրավոր խոսքում: Ամենայն հավանականությամբ՝ այո՛, ուղղորդվում են, ընդ որում՝ չի բացառվում, որ ե՛ւ ներքին (իշխանական), ե՛ւ արտաքին խաղացողների կամ Հայաստանում նրանց շահերը սպասարկող խմբերի ու անհատների կողմից: Բերձորի բախման երկու կողմերը՝ Հիմնադիր խորհրդարանի անդամները եւ Ղարաբաղի իշխանությունը, թվում է, թե ընդամենը ուրիշի թատրոնում խաղացողների դեր են կատարում՝ առանց մինչեւ վերջ հասկանալու թատերական ներկայացման բուն նպատակը:

Ռեգիոնալ սուր հակադրությունները եղել եւ կան բոլոր երկրներում

Բայց, թատրոնի հնարավոր էության խոսակցությունից առաջ, հասկանանք, առաջին հերթին, խնդրի սկզբունքային կողմը: Եթե ուղղորդման վարկածը ճիշտ էլ է, ապա պետք է հաշվի առնել, որ ուղղորդել, բորբոքել կարելի է միայն այն, ինչ հիմք ունի բորբոքելու: Մյուս կողմից էլ՝ որպեսզի որեւէ մեկը չկարողանա հեշտությամբ շահարկել այս կամ այն խնդիրը, հասարակությունը պետք է կարողանա հանգիստ, բանական, գործնական հայացք ձեռք բերել այդ խնդրի նկատմամբ: Օրինակ, եթե որեւէ մեկը հիվանդ է, լավ չի զգում իրեն, այդ մարդուն կարելի է հեշտությամբ վախեցնել, ահաբեկել վատառողջությամբ, խաղալ նրա այդ վախի վրա, բայց եթե նույն այդ հիվանդությունը հստակ ախտորշվում է, եւ սահմանվում է դրա վտանգավորության աստիճանը, տիպաբանությունը, կանխատեսվում է հնարավոր ընթացքը, ապա շահարկումն արդեն շատ դժվարանում է: Մենք էլ պետք է կարողանանք ճիշտ ախտորոշել հասարակական, այդ թվում՝ հայաստանցի-ղարաբաղցի խնդիրը՝ դրա տիպաբանությունը, ուժգնությունը, հնարավոր զարգացման տարբերակները եւ ո՛ւմ կողմից ու ինչպե՛ս շահագործելի լինելը:

Նման՝ ռեգիոնալ հակադրությունների խնդիրներ ունեցել են կամ ունեն բազմաթիվ, եթե չասենք՝ բոլոր հասարակությունները՝ տարբեր ժամանակերում: Չկա եւ չի եղել դեռ հին աշխարհից մի հասարակություն, մի էթնիկ խումբ, որը չունենա ներքին հակադրություններ, որոնք մե՛րթ շեշտվում են՝ քաղաքականանալով, մե՛րթ էլ թուլանում՝ կենցաղայինի վերածվելով: Դեռ հին հույների մեջ, օրինակ, շատ ուժեղ էր հոնիացիների եւ դորիացիների հակադրությունը, որը դասական շրջանում արտահայտվեց որպես Աթենքի եւ Սպարտայի մրցակցություն-հակամարտություն: Միաժամանակ՝ ուժեղ էր եւ միավորիչ համահունական միտումը, որն իր արտահայտությունը գտավ հունա-պարսկական պատերազմում, իսկ հետագայում էլ՝ Ալեքսանդրի նվաճումներում: Ի դեպ, կարելի է, գուցե, Աթենք-Սպարտա, Երեւան-Ղարաբաղ հակադրությունների մեջ որոշ տիպաբանական նմանություններ գտնել:

Պատմության նոր շրջանում էլ օրինակները մե՛կը չեն, տա՛սը չեն՝ անթի՛վ են: Այսպես, Գերմանիայում ավանդապես չեն սիրել պրուսացիներին, որոնք 1870-ին միավորեցին Գերմանիան, եւ որոնք աչքի էին ընկնում իրենց ռազմատենչությամբ, պահպանողականությամբ, կարգապահությամբ (գերմանացիների մասին շատ կարծրատիպեր, իրականում, վերաբերել են, նախ՝ պրուսացիներին): Պրուսիան նույնպես, ի դեպ, համեմատել են Սպարտայի հետ: Այսօր այդ խնդիրը, որպես լուրջ խնդիր՝ չկա, բայց կա ցայսօր նախկին ԳԴՀ-ի եւ ԳՖՀ-ի գերմանացիների հակադրման խնդիրը: Ֆրանսիայի հարավն ավանդապես իրեն հակադրել է հյուսիսին, եւ հարավի բնակիչներն իրենց ֆրանսիացիներ էլ չեն համարել շատ հաճախ: Իսպանիայի եւ Իտալիայի մասին չխոսենք՝ այնքան ուժեղ են այնտեղ ռեգիոնալ հակադրությունները ցայսօր:

Վրաստանում մեգրելներն ու սվանները ունեն իրենց ուրույն, թեեւ վրացերենին ցեղակից լեզուները (ոչ թե բարբառներ են դրանք, այլ հենց լեզուներ, որոնցից սվաներենը բացարձակապես անհասկանալի է վրացերեն իմացողի համար): Մեգրելներին Վրաստանում համարում են խորամանկ, իշխանատենչ եւ այլն, ու չնայած դրան՝ վրաց շատ ազգայնականներ հենց մեգրելներ են, ինչպես, օրինակ, 1980-ականների վերջի վրացական ազգային շարժման առաջնորդներ Գամսախուրդիան եւ Կոստավան. իսկ սվանները համարվում են վայրենի, դաժան եւ կռվարար: Այս ամենով հանդերձ՝ երկու խմբերն էլ ունեն վրացական ինքնագիտակցություն: Վրաստանում ընդհանրապես ռեգիոնալ բաժանումներն այնքան ուժեղ են, որ տարբեր ռեգիոնների վրացիներին կարելի է տարբերել ըստ ազգանունների (-ա վերջավորությամբ՝ մեգրելներ, -իանի՝ սվաններ, -ձե՝ իմերելներ, գուրիելներ, աջարներ, ռաճվելներ, -շվիլի՝ կախելներ, -ուրի, -ուլի՝ փշավներ, խեվսուրներ եւ այլք), որոշ դեպքերում՝ նույնիսկ արտաքնով: Օրինակները կարելի է անվերջ շարունակել. ամենուր կան կամ եղել են տեղական ներքին հակադրություններ, եւ հաճախ էլ տվյալ էթնիկ խմբի ենթախմբերից մեկը, այս կամ այն պատմական հատվածում, մյուս խմբերի կողմից արժանացել է շեշտված հակադրության: Որեւէ մեկն այդ խնդրից չի՛ մահացել, աշխարհի վերջը չի՛ եկել. հասուն հասարակություններն, ինչպես հասուն մարդիկ՝ խնդիրներ ունենալուց ոչ թե հիստերիկայի մեջ են ընկնում, պատեպատ տալիս իրենք իրենց, կամրջից գցվում, այլ խնդիրների լուծման մեխանիզմներ են մշակում: Հակառակը անառողջ հասարակություններում, մանավանդ՝ այնտեղ, ուր քաղաքական եւ մտավորական վերնախավերը համարժեք չեն կամ էլ ղեկավարվում են արտաքին կենտրոններից, ռեգիոնալ խնդիրները ոչ թե լուծվում են, այլ իրական աղետի են վերածվում, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ վերջերս Ուկրաինայում:

Համարժեք եւ անհամարժեք ռեակցիաների տարբերակները

Ինչպես տեսնում ենք, կան ռեգիոնալ հակադրության խնդրի հանգուցալուծման տարբեր սցենարներ: Եթե առողջ հասարակությունը, տեսնելով խնդիրը, ախտորոշում է այն, բարձրաձայնում է եւ մտածում է դրա լուծման մասին, ապա չկայացած հասարակության մեջ կան երկու հավասարապես անհամարժեք ռազմավարություններ: Մեկը հռետորական հիստերիկան է՝ ամա՜ն, թաղե՛մ դրանց բոյը, թող գնան կորչեն այդ անուղուհացները եւ այլն: Մյուսն էլ դրա հակադիր անհամարժեքությունն է՝ ձեւացնել, որ խնդիր ընդհանրապես չկա եւ չի էլ կարող լինել, կամ էլ մտածել, որ խնդիրը կարելի է լուծել սեպ խրել-չխրելու մասին քարոզներով եւ կենացային ճարտասանությամբ, ճիշտ այնպես, ինչպես որ անձնական կյանքում էլ անկայուն հոգեբանությամբ անձինք կա՛մ խնդիրներից խուճապի են մատնվում, փախչում են, կա՛մ էլ ձեւացնում են, որ ոչինչ տեղի չի ունենում: Վատագույն դեպքում այդ ամենը ավարտվում է քաղաքացիական պատերազմով, ինչպես այսօրվա Ուկրաինայում:

Առողջ հասարակության լուծումն ինտեգրացիոն հետեւողական քաղաքականությունն է: Ինչի՞ մասին է խոսքը, եթե մարդիկ նույնիսկ այլազգիների մեծ խմբեր են կարողանում հաջողությամբ ինտեգրել, ղարաբաղցի հայն ի՞նչ է, որ այդքան միֆական, մանկական վախերով ենք մոտենում խնդրին՝ դա բացարձակ անլուրջ է, եթե խնդրին նայենք ոչ թե ամեն կայծակից խուճապի մատնվող բարբարոս ասիացու, այլ կիրթ մարդու տեսակետից:

Հայաստանցի-ղարաբաղցի խնդիրը պայմանավորված չէ «միստիկ» պատճառներով

Ղարաբաղցի-հայաստանցի տարբերությունը շատ բնական է, պայմանավորված շատ պարզ, մատչելի հանգամանքներով, եւ բացարձակապես զուրկ է որեւէ «միստիկ» մշուշից, որը երկուստեք փորձում են հաղորդել այդ հակադրությանը: Օրինակ, կա մի տարածված մտայնություն որոշ ղարաբաղցիների մոտ, համաձայն որի՝ նրանք ինչ-որ հատուկ լեռնային հայեր են: Այդ պնդումը հոմերական ծիծաղ կարող է առաջացնել Հայկական Լեռնաշխարհի աշխարհագրությանը տարրական մակարդակով ծանոթ ցանկացած մարդու մոտ: Ղարաբաղի Լեռնային անունը ոչ մի կապ չունի նրա հատուկ լեռնայնության հետ՝ պատմական եւ ներկայիս Հայաստանի այլ տարածքների համեմատ՝ դա ընդամենը հակադրություն է Դաշտային Ղարաբաղի: Հայկական Լեռնաշխարհի մասշտաբներով ԼՂ-ն ոչ թե հատուկ լեռնային է, այլ միջին, եթե ոչ միջինից էլ մի քիչ ցածր բարձրության տարածք է: Ղարաբաղի լեռներն ամենասովորական հայկական լեռներ են, իսկ լանդշաֆտն ու կլիման նույնիսկ մի փոքր ավելի մեղմ է, քան Հայկական Լեռնաշխարհի հիմնական՝ կորիզային մասում: Եթե ղարաբաղցիները լեռնեցի են, ապա գյումրեցիներն ու սեւանցիները  այլմոլորակայիններ պիտի համարվեն՝ ապրելով ծովի մակերեւույթից 2000 մետր բարձրության վրա (Ստեփանակերտը՝ 820 մ, Շուշին՝ 1370՝ Նորքի Մասիվի բարձրության մոտերքը եւ այլն):

Նմանապես միֆական են նաեւ աղվանների կամ ինչ-որ այլ գեների մասին պատկերացումները: Նախ՝ ազգերը գեներով չեն որոշվում, երկրորդ՝ փառք Աստծո, այսօր գենետիկան առավել արագ զարգացող գիտություններից է, եւ հետաքրքրվողները կարող են իմանալ, որ ղարաբաղցիներն ու սյունեցիները մյուս հետազոտված հայկական խմբերից (Արարատյան դաշտ, Սյունիք, Սասուն, Վան) տարբերվում են միայն հայերին (նաեւ՝ արեւմտաեվրոպացիներին) առավել բնորոշ R1b իգրեկ հապլոխմբի (սա ցույց է տալիս մարդկանց ծագումն արական գծով եւ միայն արական գծով, եւ ստուգելի է միայն տղամարդկանց վրա) մի քիչ ավելի բարձր տոկոսով, այսինքն՝ արական գծով Սյունիքն ու Ղարաբաղը կարելի է համարել հայերի մեջ ամենահայկականը (իհարկե, սա շատ պայմանական պնդում է, որովհետեւ հատուկ եւ միայն հայերին բնորոշ որեւէ գեն գոյություն չունի): Աղվանքի բնակչության գենետիկայից, իհարկե, ոչինչ հայտնի չէ, բայց վստահությամբ կարելի է պնդել, որ դրանք պետք է տարբերվեին հայկականից, քանի որ հայերից բավականին տարբեր են վրացիների, ադրբեջանցիների եւ կովկասցիների արական գծերը, որոնց հետ ավելի կապված են հին աղվանները: Այսքանը՝ որպես քնարական-գիտամատչելի զեղում առավել պրպտունների համար, թեեւ համոզված եմ, որ հայերիս զգալի մասի համար այս գիտական տվյալներն «ասնավանի» չեն՝ իրենք ինտերնետում «մի հոդված» են կարդացել, ու դա բավական է որեւէ խնդրի մասին ցմահ պատկերացում կազմելու համար:

Խնդիրը կարելի էր լուծել շատ արագ

Տարբերությունն, ուրեմն, պայմանավորված է շատ բնական պատճառներով: Եթե Ղարաբաղը մի քանի տասնամյակ չլիներ Ադրբեջանի կազմում, եւ ղարաբաղցիները ստիպված չլինեին դիմադրել թուրքական քաղաքականությանը, եթե չլիներ պատերազմը, ապա այսօր ղարաբաղցու մասին կխոսեինք նույն շեշտադրությամբ, ինչպես գորիսցու եւ ղափանցու մասին ենք խոսում: Իհարկե, եթե հարցնես գորիսցիներին, ապա իրենց եւ ղափանցիների միջեւ հսկայական տարբերություն կա: Նմանապես եւ նույն Գորիսում կամ Գյումրիում կամ այլուր երեւանցին ամենեւին էլ աշխարհի ամենադրական եւ ընդունելի կերպարը չէ, բայց, իհարկե, ոչ ոք լուրջ քաղաքական երանգ չի տա այս խիստ կարեւոր տարբերություններին: Էլ չասած, որ Հայաստնում ապրող ծագմամբ ղարաբաղցիները (նկատի ունեմ, ասենք, մի երկու սերունդ այստեղ ապրողներին), որոնք շատ-շատ են, ամենեւին էլ պոզ ու պոչ չունեն ու հազիվ էլ տարբերվում են ընդհանուրի մեջ:

Նորմալ քաղաքականության դեպքում, ղարաբաղցի-հայաստանցի խնդիրը լինելու դեպքում կարող էր լուծվել մոտավորապես մեկ-երկու սերնդի կյանքի ընթացքում՝ ոչ թե ուժեղանալով, ինչպես այսօր, այլ թուլանալով եւ վերածվելով երեւանցի-գյումրեցի կամ գորիսցի-ղափանցի մակարդակի խնդրի (ավելի թույլ պետք էլ չի՝ ռեգիոնալ տարբերության որոշակի չափը միայն ուժեղացնում է հասարակությունը, իսկ բացարձակ միանմանությունը վնասակար է): Եթե իշխանությունն այդպիսի քաղաքականություն չի վարում, ապա գոնե հասարակությունը պետք է ճշտի իր վերաբերմունքը: Իհարկե, հասարակությունն ինքնին, առանց իշխանության՝ չի կարող լիովին լուծել խնդիրը, բայց կարող է գոնե, նախ՝ ճիշտ ախտորոշում տալ, այլ ոչ թե մի հիստերիկ եւ պաթետիկ ծայրահեղությունից մյուսն ընկնել, եւ երկրորդ՝ որոշակի պաշտպանական մեխանիզմներ մշակել՝ կանխելու համար իշխանության եւ արտաքին ուժերի կողմից ուղղորդվող մանիպուլյացիաները խնդրի շուրջ:

Հանգիստ թողեք Ղարաբաղը

Դրա համար շատ բան պետք չէ: Ընդամենը հասկանալ մի քանի պարզ բաներ: Օրինակ.

1. Պետք չէ մտածել, որ եթե երկրի ղեկավարը ծագմամբ ղարաբաղցի է, ապա ղարաբաղցիների դեմ արշավ ուղղորդելը նրան երբեւէ չի կարող ձեռնտու չլինել: Դա բավականին պարզունակ եւ զգացական-կենցաղային մոտեցում է: Ղարաբաղյան ծագմամբ ղեկավարին կարող է դա ձեռնտու լինել, ինչպես ընդհա՛նրապես, այնպե՛ս էլ որոշակի քաղաքական իրավիճակներում: Ամենապարզ մոտիվը կարող է լինել սովորական «բաժանիր, որ տիրես»-ը: Բավականին պարզ է նաեւ այն, որ ոչ օրինակարգ բռնապետությանը ձեռ է տալիս ոչ թե Ղարաբաղի ինտեգրացիան, այլ հակառակը՝ մեկուսացումը Հայաստանից:

Կոնկրետ խնդիրներ էլ կարող են լինել, ասենք, այս կամ այն տեղական կառավարչին սանձելու, ինչ-ինչ հաշվարկներով սեւացնելու, թիրախավորելու նպատակը եւ այլն: Հազար ու մի այլ տարբերակ կարող է լինել, եւ հասարակությունը պետք է ուշադիր լինի, այլ ոչ թե Պավլովյան շան պես ամեն ազդակին պատասխանի պարզունակ եւ կանխատեսելի ռեֆլեքսով: Ասենք, մենակ այն, որ չգիտես որ խաչից Ժիրայր Սեֆիլյանի կողքին հայտնվել էր Իգոր Մուրադյանը, արդեն պետք է լուրջ ազդակ լիներ, որ այստեղ մի բան այն չէր:

2. Սթափ գիտակցությունը չկորցրած եւ ամեն բան կենցաղային, խոհանոցային մակարդակի չիջեցնող մարդը կարող է հեշտությամբ հասկանալ, որ Ղարաբաղում պահել եւ պահում ենք ոչ միայն եւ նույնիսկ ոչ այնքան բուն Ղարաբաղն ու ղարաբաղցիներին, այլ Հայաստանն ու հայաստանցիներին, որ ղարաբաղյան ճակատը ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Հայաստանի անվտանգության խնդիրն է: Ղարաբաղ պահել-չպահելն ինչ-որ հուզական, «աղջկական» կապրիզի հարց չէ, որ ասես՝ դե որ դուք վատն ենք, մենք էլ չեն պահի ճակատը՝ սիրուն աչքերի համար չի դա արվում:

3. Հանգիստ թողնել Ղարաբաղը՝ այն իրոք պետք չէ դարձնել ներքաղաքական պայքարի թատերաբեմ, եւ պետք չէ, ժողովրդական լեզվով ասած, այն բզբզալ: Նախ՝ Ղարաբաղում որեւէ քաղաքական լուրջ խնդիր չի լուծվում եւ չի կարող լուծվել: Հայաստանի (այդ թվում՝ Ղարաբաղի) բոլոր քաղաքական խնդիրների լուծման կենտրոնը Երեւանն է: Իհարկե, դա չի նշանակում, որ, ասենք, մարզերում չի կարող լինել քաղաքական աշխատանք եւ պայքար, բայց բոլորիս էլ պարզ է, որ, ասենք, Գորիսում Լիսկայի հրաժարականը պահանջելով՝ Հայաստանում հիմնարար խնդիր չի լուծվում, մանավանդ՝ եթե պատկերացնենք, որ այդ պահանջը ոչ թե տեղացիներն են նախ ձեւակերպում եւ դրա շուրջ կազմակերպում, այլ դրսից եկած մարդիկ:

Երկրորդ՝ ռազմաճակատի գործոնի փաստարկը այնքան էլ անլուրջ չէ, որքան կարող է թվալ, եւ որքան էլ այդ փաստարկը «քյարթ» ու «գեղական» ձեւերով ներկայացվի համապատասխան անձանց կողմից: Նկատի ունեմ այն, որ հաշվի առնելով Ղարաբաղի՝ որպես առավել թեժ ռազմական գոտի լինելը, այն հայաստանյան ներքաղաքական պայքարի թատերաբեմերից մեկը դարձնելն իրոք խիստ վիճելի նպատակ է: Պատահական հո չէ, որ այսքան ժամանակ որեւէ հայասատանյան ընդդիմություն, սկսած դեռ 90-ականներից, նման փորձ չի արել (թերեւս, հայտնի ավանդական կուսակցությունից բացի), եւ այնպես չէ, որ մարդիկ «դուխ» չեն ունեցել, կամ էլ պակաս հայրենասեր ու պակաս ժողովրդավար տղերք են եղել:

Ուշագրավ է, որ Ղարաբաղը ներքաղաքական պայքարի թատերաբեմ դարձնելու միտքը կարող է առաջանալ կամ էլ աջակցություն գտնել, երեւի, միայն երկու՝ առաջին հայացքից իրար խիստ հակադիր խմբերի՝ չափից ավելի «թունդ» «հայրենասերների» եւ չափից ավելի «թունդ» «ակտիվիստների» մոտ: Մոտիվացիաները տարբեր են, բայց արդյունքը նույնը: Իհարկե, կարելի է, զինված վերացական, կոնկրետ իրավիճակը հաշվի չառնող կարգախոսներով՝ «հայրենասիրական» (չէ՞ որ Ղարաբաղը մերն է) կամ էլ «իրավապաշտպանական» (դեմոկրատիան սահմաններ չի ճանաչում) աջ ու ձախ փրթել՝ առանց հաշվի առնելու, որ հետեւանքները կարող են ճիշտ հակառակը լինել հռչակվածին՝ հակաղարաբաղյան տրամադրություններ եւ Սարգսյանի բռնապետության ամրապնդում:

Ավելին, եթե շատ ուզենաք, ու եթե թունդից էլ թունդ հայրենասեր ու թունդից էլ թունդ դեմոկրատ լինեք, կարող եք նույնիսկ Ալիեւից օգնություն խնդրելով էլ Սերժի «դեմ» պայքարել (եթե դա կոչենք, իհարկե, «Սերժի դեմ»), բայց երեւի թե լավ կլինի՝ այս կողմերը մի տեղ պահեք, իջնենք, հը՞: Եթե կարծում եք, որ չափազանցում եմ եւ վիրավորում, ապա, Աստծո սիրուն, մեկդ ինձ բացատրեք, ինչո՞վ է տարբերվում Ղարաբաղը ներքաղաքական խաղի մեջ ներգրավելը կամ էլ, Աստված ների, ապրիլի 24-ին իշխանափոխության օր հայտարարելը՝ «Սերժի դեմ» պայքարում Ալիեւից եւ էրդողանից օգնություն խնդրելուց: Արդյո՞ք միայն նրանով, որ դա արվում է միամիտ եւ ազնիվ մղումներով, առանց գիտակցելու եւ մի երկու քայլ ավել մտածելու՝ ավելի քան պարզ հետեւանքները: Այդ դեպքում, կներեք, ավելի վատ, որովհետեւ ազնիվն ու միամիտն այդ դեպքում ոչ թե արժանիք են, այլ պատուհաս ու չարիք:

Նախորդ հոդվածը‘Օլանդն ու Մերկելը մեկնում են Կիև և Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Եթե Սերժ Սարգսյանը զանգի իր եղբոր համար, հրաժարվելո՞ւ եք (տեսանյութ)’