Աբրահամ Սարգսյան. Դավիթ Մաթևոսյանի հիշատակին

1387

Աբրահամ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Վեց տարի է անցել, ավագ՛ ընկեր, բայց սրտիս մեջ քո բացակայության ցավը չի մեղմանում…

Դավի՛թ ջան, դու ինձ համար պարզապես մարտական ընկեր չէիր։ Դու հարազատ մարդ էիր՝ ազնվության տիպար, Մեղրու նվիրյալ զավակ, հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարած անհատականություն։

Անկախության շարժման տարիներից մինչև 44-օրյա պատերազմ՝ քո կյանքը հայրենիքին ծառայելու ճանապարհ էր։ Դու երազում էիր խաղաղ Հայաստանի, հաշտության ու բարիդրացիական հարաբերությունների մասին, ուզում էիր, որ մեր սերունդներն ապրեն ազատ ու ժողովրդավարական երկրում։

Երբ 2020 թվականին հայրենիքը կրկին քո կարիքն ուներ, դու կամավոր եկար Մեղրու լեռներ՝ քաջ տղերքի կողքին կանգնելու, նրանց ոգևորելու և հայրենի հողը պաշտպանելու համար։

Բայց թշնամու ԱԹՍ-ի հարվածը խլեց քո կյանքը՝ քեզ հետ տանելով նաև մեր քաջ մարտիկներ Անդրանիկին ու Մակառին։

Այդ օրը Մեղրու երկինքը մթնեց, երբ տարածվեց ցավալի լուրը՝ «Դավիթն էլ չկա…»։

Այն բարձունքը, որտեղ դուք զոհվեցիք, տղերքը կոչեցին «Դավիթի դիրք»։ Եվ այդ անունն այսօր էլ հիշեցնում է ձեր նվիրումն ու այն գինը, որ վճարեցիք հայրենիքի պաշտպանության համար։

Ավագ՛ ընկեր, այս վեց տարիների ընթացքում այնքան բան եմ պահել իմ մեջ ու չեմ գրել։ Երբեմն ինքս ինձ չեմ ներում այդ լռության համար։ Բայց այսօր ուզում եմ ասել՝ ես քեզ չեմ մոռացել։ Չեմ մոռացել քո ջերմ գրկաբաց դիմավորելը, քո մարդկային տեսակը, քո ազնվությունն ու հայրենանվիրումը։

Եվ եթե կա այն երկնային կյանքը, որին հավատում ենք, ուզում եմ հավատալ, որ մի օր կհանդիպենք, ու դու ինձ կրկին կդիմավորես այնպես, ինչպես երկրային կյանքում էիր դիմավորում՝ ջերմ ու գրկաբաց…

Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ ավագ ընկեր։🥲🙏

Հավերժ փառք քեզ, Անդրանիկին ու Մակառին։ Ձեր անունները կմնան Մեղրու լեռներում ու մեզ սիրելի մարդկանց հիշողություններում։

Հիշատակդ անմար, Դավի՛թ ջան…

Ստորև՝ բանաստեղծությունս՝ նվիրած քեզ, իմ ավագ ընկեր։

ԴԱՎԻԹԻ ԴԻՐՔԸ

Նվիրում՝ Դավիթ Մաթևոսյանի լուսավոր հիշատակին

Կարճևանի հողի շունչն էր իր մեջ կրում,

Լեռների պես լուռ էր, բայց ներսում՝ փոթորիկ,

Դավիթ անունը հնչում էր պարզ ու մաքուր,

Ինչպես Մեղրու առավոտը՝ արևոտ ու խորին։

Երբ երկիրը նոր էր կանգնում իր ոտքերին,

Երբ անորոշ էր ամեն քայլ ու ամեն ճանապարհ,

Ինքն էր կանգնած սահմանին՝ հավատով լի,

Ինքն էր Մեղրու լուռ, բայց ամուր պահապան։

Իր ձեռքերով, իր ընկերների հետ միասին,

Կյանք վերադարձրեց գերիներին խավարից,

Գնացքի մեջ փակված հույսը ազատեց,

Եվ լույս բերեց՝ հայրենի հողի սրտից։

Նա չէր ուզում պատերազմ, չէր ուզում ցավ,

Նրա երազը խաղաղ երկինքն էր միայն,

Որ երեխաներն ապրեն ազատ ու անկախ,

Որ սահմանը դառնա բարիդրացիության ճանապարհ։

Բայց երբ նրա ճամփան դարձավ փշոտ,

Երբ ազատության համար քաղբանտարկյալ դարձավ,

Չընկրկեց երբեք, չուրացավ իր ուղին,

Հայրենիքի հանդեպ հավատը չմարեց։

Եվ երբ նորից կրակվեց երկիրը ցավով,

Նա չմնաց կողքից՝ լուռ դիտող դարձած,

Եկավ՝ որպես որդի, որպես եղբայր ու զինվոր,

Որ հայրենիքի կողքին մինչև վերջ մնար կանգուն։

Քսանհինգ օր լեռներն էին նրա տունը,

Քաջերին էր ոգևորում իր խոսքերով պարզ,

Մեղրու սարերը պահում էր իր հոգով,

Ինչպես պահում էր միշտ՝ հավատով անպակաս։

Բայց մի օր երկինքը մթնեց հանկարծ,

Երբ թշնամու հարվածը խլեց լռության մեջ,

Եվ բլրի վրա ընկավ Դավիթը՝

Երկու նվիրյալ ընկերների հետ՝ հավերժի մեջ։

Այդ օրից լռեց Մեղրին մի պահ,

Քամին անգամ ցավով անցավ սարերով,

Երբ լսվեց ծանր խոսքը՝ «Դավիթը չկա»,

Երկինքը մթնեց, լցվեց արցունքներով։

Բայց նա չկա միայն մարմնով այս հողում,

Նա կա ամեն քարի մեջ, ամեն դիրքի շնչում,

Որ տղերքը կոչեցին այդ բարձունքը իր անունով՝

Եվ ապրեց «Դավիթի դիրքը»՝ հավերժ հիշողության մեջ։

Նա գնաց, բայց թողեց ուժ ու արժանապատվություն,

Թողեց օրինակ՝ ազնվության, նվիրումի անսպառ,

Եվ այսօր էլ, երբ լեռները լուռ են կանգնած,

Դավիթն է պահում Մեղրին՝ ինչպես միշտ՝ անդադար։

Հիշատակդ անմար, սիրելի՛ ավագ ընկեր։

Դու մնացիր Մեղրու լեռներում, մեր սրտերում ու հայրենիքի պատմության մեջ»։

Նախորդ հոդվածըԴավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին
Հաջորդ հոդվածըԼևոն Զուրաբյան. Բոլորս պարտք ենք մնացել Դավիթին