‘ԱԳՆ. Բրիտանիան պատրաստ է տեղակայել ամերիկյան հրթիռներ’

1230

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր տարածքում տեղակայել ամերիկյան հրթիռներ: Հայտարարությունը հնչել է կիրակի օրը BBC1-ի եթերում:

Ինչպես նշել է The Independent-ը, Հեմոնդը նշել է, որ առկա են «տագնապալի նշաններ»՝ ռուսաստանյան բանակի ավելի ու ավելի թշնամական գործողությունների հետ կապված: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ներկա պահին հստակ ապացույցներ չկան Ուկրաինայի վրա նախապատրաստվող հարձակման վերաբերյալ, սակայն, նրա կարծիքով՝ Վլադիմիր Պուտինը չի բացառում նման տարբերակը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հրթիռների տեղադրումը պետք է նախազգուշացում լինի Ռուսաստանին, Հեմոնդն ասել է. «Մենք պետք է հստակ ազդանշան տանք Ռուսաստանին, որ թույլ չենք տա անցնել սահմանը»՝ ընդգծելով, որ նման քայլերը պետք է մանրազնին կշռադատված լինեն, և հարկավոր է խուսափել անհարկի սադրանքներից:

ԱԳՆ ներկայացուցիչը The Independent-ի մեկնաբանության մեջ ընդգծել է, որ խոսքը զուտ հիպոթետիկ իրադրության մասին է. առայժմ ԱՄՆ-ից նման խնդրանքով չեն դիմել, սակայն Բրիտանիան պատրաստ է այդ նախաձեռնությունը քննարկել ամերիկյան գործընկերների հետ:

Կրեմլում այս լուրին արձագանքել են հայտարարությամբ, ըստ որի՝ լարվածության աճը չի բխում ոչ Ռուսաստանի և ոչ էլ Արևմուտքի շահերից, հաղորդել է РИА Новости-ն:

Փոխանցում է newsru.com-ը:  

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է Ռուսաստանի բուհերի ամենահարուստ ռեկտորների ցուցակը’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ. Դոմոդեդովոյի նախկին ղեկավարության գործողությունները մեծացրել են օդանավակայանի խոցելիությունը’