‘
ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, թե իբր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցում նշվում է, որ Հայաստանը զենք է մատակարարել Լիբիա` չնայած գործող պատժամիջոցներին:
Լիբիային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձևի համաձայն ստեղծված փորձագետների խմբի փետրվարի 15-ի զեկույցում չկա նման ձևակերպում, թե իբրև Հայաստանից զենք է մատակարարվել Լիբիա և ընդհանրապես որևիցե մեղադրանք Հայաստանի նկատմամբ բացակայում է», — ըստ ԱԳՆ լրատվական ծառայության, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է Տիգրան Բալայանը։
Պարոն Բալայանը նշել է, որ զեկույցում, որը հասանելի է ՄԱԿ-ի կայքէջում, նշված են Լիբիա ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման հետ առնչություն ունեցող, տարբեր` այդ թվում նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներում գրանցված մի շարք մասնավոր ընկերություններ:
«Այդ շարքում հիշատակվում են նաև հայաստանյան գրանցում ունեցող երկու ընկերություն: Հայաստանն՝ ի պատասխան փորձագետների խմբի հարցման, ամբողջական և սպառիչ տեղեկատվություն է տրամադրել վերոհիշյալ ընկերությունների և նրանց գործունեության մասին», — պարզաբանել է Տիգրան Բալայանը։
‘