‘Ագրարային համալսարանի ուսանողները փորձել են քանդել ՕԵԿ-ի շինությունը’

1261

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտ 100 դասախոսներ ու ուսանողներ, որոնք այսօր՝ օգոստոսի 13-ի առավոտից հավաքվել էին համալսարանի բակում՝ բողոքելու նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի կատարած շինարարության դեմ, քիչ առաջ փորձել են քանդել շինությունը:

News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ուսանողները ու դասախոսները ոտքով հրել, գցել են շինհրապարակը շրջապատող ցանկապատը: Ցանկապատի մյուս կողմում կանգնած էին ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը, որոնք ամոթանք էին տալիս ցույցի մասնակիցներին: Կողմերը փոխադարձ վիրավորանքներ ու հայհոյանքներ էին հնչեցնում:

«Ամոթ ձեզ, սա է ձեր գործելակերպը, իրավական պատասխան եք տալու: Դուք տեղյակ չեք՝ ձեր ռեկտորն է տարածքը մեզ վաճառել»,- ասում են պատգամավորները:

Այս պահին ոստիկանները կանգնած են ցանկապատի մոտ եւ թույլ չեն տալիս որեւէ մեկին մոտենալ շինհրապարակին:

Հիշեցնենք, որ ՀԱԱՀ աշխատակիցները բողոքում է, որ ՕԵԿ-ը շինարարություն է սկսել համալսարանին պատկանող տարածքում: ՕԵԿ անդամները վստահեցնում են, որ իրենք ոչ մի անօրինական քայլ չեն անում. քաղաքապետարանի՝ 2008թ. որոշմամբ տարածքն իրենց է պատկանում: Ագրարային համալսարանի կոլեկտիվը պնդում է, որ իրենք անտեղյակ են եղել քաղաքապետարանի նման որոշումից, նրանք պնդում են, որ այն օրինական չէ եւ քաղաքապետարանն իրավունք չուներ պետական տարածքը հատկացնել ՕԵԿ-ին: Հարցին լուծում տալու համար կողմերը դիմել են դատարան, ինչն էլ միջանկյալ որոշում է կայացրել   թույլ չտալ ՕԵԿ-ին շինարարական աշխատանքներ կատարել տարածքում մինչեւ վիճահարույց տարածքի վերաբերյալ վերջնական վճիռ կայացնելը: Դատարանի որոշմամբ ՕԵԿ-ը կարող է միայն վերականգնել Ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի շինության տանիքը, որը նա ապամոնտաժել էր: Վճռից հետո ՕԵԿ-ը շարունակում է շինարարական աշխատանքները, ՀԱԱՀ անձնակազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին:

Նախորդ հոդվածը‘Ռիհանան ուզում է գնել «Լիվերպուլը»’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիք. Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել աշնանը’