‘Ադբաշյան. Ստեփանակերտի օդանավակայանը միջպետական ավիաչվերթեր չի իրականացնում’

739

Ստեփանակերտի օդանավակայանը միջպետական ավիաչվերթեր չի իրականացնում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում այսօր հայտարարել է ԼՂՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Դմիտրի Ադբաշյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանից, իբր, թռիչքներ են իրականացվում, և անգամ կայացել է Երևան-Ստեփանակերտ առաջին թռիչքը:

Նրա խոսքով, Ստեփանակերտի օդանավակայանից արդեն իրականացվել է ավելի քան 10 թռիչք, բայց բոլորն էլ` երկրի ներսում: Ադբաշյանը նշել է, որ թռիչքները հիմնականում կատարվել են գյուղատնտեսական, տուրիստական և ուսումնական նպատակներով: «Ներկայումս նույնպես թռիչքներ են իրականացվում, բայց առայժմ խոսք չի գնում պլանային ուղևորափոխադրումների մասին»,- ընդգծել է նա:

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին և հիմնականում ընդունում էր Երևանից ու Բաքվից ժամանող ինքնաթիռներ: 1992 թվականից օդանավակայանը չէր գործում, իսկ 2008 թվականից սկսվեց օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի շինարարությունը և վերակառուցումը,  իսկ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Ստեփանակերտի օդանավակայանի համար գնեց ինքնաթիռ:

Օդանավակայանը հագեցած է միջազգային բոլոր ստանդարտներով, ի վիճակի է ժամում սպասարկել մինչև 100 ուղևորի: Սկզբնական շրջանում «Էյր Արցախ» ավիաընկերությունը ծրագրում է թռիչքներ իրականացնել Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ: Ադրբեջանական կողմի`Լեռնային Ղարաբաղի երկնքում քաղաքացիական ինքնաթիռները խփելու շարունակական սպառնալիքները դատապարտվեցին միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Նշենք, որ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքը լինելու է Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղեւորը: Սարգսյանը, սակայն, մինչ այժմ խոստումը չի կատարել: 

Նախորդ հոդվածը‘Ընդդիմությունը լուծարել է «Սիրիայի ազատ բանակի» հրամանատարությանը’
Հաջորդ հոդվածը‘Դմիտրի Ադբաշյան. ԼՂՀ-ում օդաչուների պատրաստման ուսումնական կենտրոն է ստեղծվում’