‘Ադրբեջանական գերությունից վերադարձված հովիվն անգիտակից վիճակում է’

649

Ադրբեջանական գերությունից նախօրեին վերադարձված հովիվ Մամիկոն Խոջոյանն անգիտակից վիճակում է. ներկայումս Իջևանի բժշկական կենտրոնում նրան նշանակվել է ինտենսիվ բուժում: Խոջոյանին միացված է կաթիլային սարք, քանի որ նրա օրգանիզմը ջրազրկվել է: Գիտակցության վերականգնումից հետո Խոջոյանին կտեղափոխեն Երևանի կլինիկաներից մեկը` հաղորդում են հիվանդանոցից: Խոջոյանին այցելել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները և նրա վիճակը գնահատել ծանր: Հիշեցնենք, որ 77-ամյա հովիվ Մամիկոն Խոջոյանը, մոլորվելով սահմանի վրա, գերի էր ընկել հունվարի 28-ին: Նախօրեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով նա վերադարձվեց հայրենիք և իսկույն տեղափոխվեց Իջևանի բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հաղորդել էր Խոջոյանին բուժող բժիշկ Էմիլ Բրուտյանը, գերությունից վերադառնալուց հետո հովիվը չի կարողանում ինքնուրույն քայլել: Բրուտյանի խոսքով, Խոջոյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ գեմատոմներ և ուռուցքներ, ինչպես նաև վերին վերջավորությունների փակ ջարդվածքներ: Վնասված են նաև նրա ականջները, ինչը վկայում է նրա նկատմամբ կիրառված կտտանքների մասին: Բժիշկը տեղեկացրել է, որ հովվին սահմանվել է անկողնային ռեժիմ: Չի բացառվում, որ նախկին գերին գտնվում է ուժեղ սթրեսի վիճակում, քանի որ ճանաչել է միայն իր մի քանի մտերիմներին, ինչպես նաև դժվարությամբ է միտք արտահայտում: Բժիշկը չի բացառել նաև, որ Խոջոյանին ներարկել են հոգեմետ դեղամիջոցներ:

 

Նախորդ հոդվածը‘Օհանյան. Ադրբեջանի կողմից սահմանին ռազմական տեխնիկա կուտակելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը’
Հաջորդ հոդվածը‘Ժնեւում Նալբանդյանը խոսել է ցեղասպանությունների կանխարգելման եւ ազգերի ինքնորոշման կարեւորության մասին’