‘Ադրբեջանական Իսմաիլլիում անկարգությունները շարունակվում են. 60 մարդ բերման է ենթարկվել’

803

Ադրբեջանական Իսմաիլլի շրջկենտրոնում, որտեղ հունվարի 23-24-ին շրջանի ղեկավարի հրաժարականի պահանջով ցույցեր եւ զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, իրավապահները բերման են ենթարկել 60 քաղաքացիների, այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են ցուցարարներին խոշտանգումների ենթարկելու փաստերի մասին: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ անկարգությունների ընթացքում մի քանի ոստիկաններ վնասվածքներ են ստացել:  

Minval.az-ը տեղեկացնում է, որ դրությունը շրջկենտրոնում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հինգշաբթի երեկոյան ցուցարարները փորձել են վերսկսել բողոքի ցույցը: Ոստիկանությունն ու ներքին զորքերը մարտական պտրաստականության են բերվել: Հատուկջոկատայինները պարեկային ծառայություն են իրականացնում փողոցներում եւ շենքերի մուտքերի մոտ: Քաղաքի խանութները փակ են, բնակիչները չեն կարողանում հաց եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել:  Ժամանակ առ ժամանակ կրակոցների ձայներ են լսվում: Չճշտված տեղեկության համաձայն, ցուցարարների մի խումբ փորձել է արգելապատնեշ կառուցել, ոստիկանությունը խոչընդոտել է: Կան տուժածներ: 

Նախորդ հոդվածը‘Մալիի իսլամիստական խմբավորումներից մեկը պատրաստ է բանակցել կառավարական ուժերի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ուեսլի Սնեյդեր. Թուրքիայում ինձ զգում եմ, ինչպես տանը’