‘
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ին հայտնել է, որ ադրբեջանական հեռուստաընկերությունններից մեկը տեսանյութ է տարածել, որում Հակոբն ասում է, որ չի ցանկանում վերադառնալ:
«Մենք ճշտում ենք այդ տեղեկությունները: Քանի որ ուղիղ կապ չունենք, աշխատում ենք Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հետ, իսկ այն մեզ նման տեղեկություն չի փոխանցել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանն ու շարունակել, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները վաղը կհանդիպեն Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ:
Նախօրեին Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի հետ կապված խնդիրներ չի տեսնում: Պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը նշել էր. «Ամեն ինչ կախված կլինի ռազմագերու ցանկությունից: Եթե նա ցանկանա վերադառնալ Հայաստան, ապա կվերադառնա, պետհանձնաժողովն ասյտեղ խնդիրներ չի տեսնում»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորվել է և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցել:
‘