‘
Ամերիկյան պատվիրակության այցն Ադրբեջան, որը նախատեսված էր այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հետաձգվել է, հաղորդում է contact.az-ը՝ հղում անելով Բաքվում ԱՄՆ դեսպանատանը: «Ադրբեջանի կառավարությունը ցանկացել է հետաձգել այդ այցը՝ մինչև նախագահական ընտրությունների ավարտը: Մենք ցավում ենք, որ նախընտրական իրավիճակին ծանոթանալու նպատակ հետապնդող այցը չի կայանա»,- նշել են դեսպանատանը: Կայքի տեղեկություններով՝ խոսքը ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալի օգնական Թոմաս Մելիայի ղեկավարած պատվիրակության մասին է: Հաղորդվում էր, որ ամերիկացիները մտադիր էին այցելել Թբիլիսի, որպեսզի Վրաստանում առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում հանդիպեն ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, իսկ այնուհետև պետք է մեկնեին Բաքու՝ այնտեղ նույնատիպ հանդիպումներ անցկացնելու նպատակով:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Ադրբեջանում «հեղափոխության» նախապատրաստմանը ԱՄՆ Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) հնարավոր մասնակցության մասին: Haqqin.az-ի հրապարակած հոդվածում ընդգծվում էր, թե NDI-ի Բաքվի ներկայացուցիչ Ալեքս Գրիգորևսը «հեղափոխությունների փորձագետ է» (նախկինում աշխատել է Վրաստանում և Ուկրաինայում): Նաև նշվում էր, որ վերջին մի քանի տարիներին նա իր բանկային հաշվեհամարից զգալի գումարներ է հանել, և դա, իբր, տեղի է ունեցել ընդդիմադիր հանրահավաքների նախօրեին: Այդ հոդվածի հրապարակումից հետո Ադրբեջանի դատախազությունը բողոք էր հղել ԱՄՆ դեսպանատանը՝ NDI-ին մեղադրելով ադրբեջանական մի շարք օրենքներ խախտելու մեջ: Դեսպանատունն, իր հերթին, հանդես էր եկել NDI-ի պաշտպանությամբ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 9-ին: Գործող նախագահ Իլհամ Ալիևն այդ ընտրություններում առաջադրվել է երրորդ ժամկետի համար, ինչի իրավունքը տալիս են ավելի վաղ սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, փոխանցում է lenta.ru-ն:
‘