‘Ադրբեջանը շնորհակալ է Ժիրինովսկուն՝ «Россия-24» հեռուստաալիքով հայտնած մտքերի համար’

1793

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն՝ Ադրբեջանի հասցեին «Россия-24» հեռուստաալիքով ասված խոսքերի համար: Այդ մասին Մամեդովը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Շնորհակալ եմ Ժիրինովսկուն Ադրբեջանի, համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և Նախագահ Իլհամ Ալիևի մասին նրա արտահայտությունների համար», -գրել է Մամեդովը:

Վլադիմիր Ժիրինովսկին «Россия-24»-ի ուղիղ եթերում Ադրբեջանին օրինակ է բերելԱՊՀ երկրների շարքում: «Վերցրեք Ադրբեջանը: Այնտեղ բոլոր գյուղերը բարեկարգ են, նոր համալիրներ են կառուցվում, այդ թվում՝ մարզական, ողջ երկիրը կերպարանափոխվել է»,- ասել է Ժիրինովսկին՝ երկրի նման սրընթաց զարգացումը բացատրելով ադրբեջանցի ժողովրդի ճիշտ ընտրությամբ՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի:

Ժիրինովսկին նաև մեծ գովեստով է արտահատվել «Ադրբեջանի համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևի մասին՝ նրան անվանելով «մեծ ադրբեջանցի»:

Լրագրողի  հարցին ի պատասխան՝ ՌԼԴԿ առաջնորդը չի բացառել ապագայում Ադրբեջանի միացումը մաքսային միությանը: Ըստ Ժիրինովսկու՝ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև գերազանց փոխհարաբերություններ են, և Ռուսաստանն ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնի Ադրբեջանին, ինչն, ի վերջո, կբարելավի հարաբերությունները նաև Թուրքիայի և Իրանի հետ:

 Ժիրինովսկին նաև նշել է, որ ի տարբերություն հետխորհրդային շատ երկրների՝ Ադրբեջանում հարգանքով են վերաբերվում ռուսաց լեզվին, երկրում գործում են 400 ռուսական դպրոցներ, ռուսական թատրոն, համալսարան: «Ադրբեջանը միակ երկիրն է, որտեղ չկա հակառուսաստանյան կուսակցություն: Դա իրապես բարեկամական երկիր է,- ասել է նա և հավելել:-Պետք չէ անընդհատ վատ բաներից խոսել: Չէ՞ որ կա Ադրբեջա՛ն»: Փոխանցում է trend-ը:

Ի դեպ, Ժիրինովսկու այս խոսքերը խիստ տարբերվում են ոչ վաղ անցյալում նրա արտահայտած մտքերից, ինչի համար նրա դեմ նույնիսկ դատական հայց էր ներկայացվել

 

Նախորդ հոդվածը‘Հակառակորդը կրակել է Կարմիրաղբյուր եւ Ոսկեպար գյուղերի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Շումախերի օդանավը վաճառքի է դրվում 20 մլն եվրոյով’