‘Ադրբեջանի բանակի 8 զինծառայողներ են զոհվել երեկվա դիվերսիայի արդյունքում’

1207

Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես ընդունեց, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպ է տեղի ունեցել և ադրբեջանական կողմը զոհեր ունի: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ ասված է, որ անցած գիշեր հայկական ստորաբաժանումները «փորձել են ներթափանցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ» Աղդամի և Թերթերի շրջաններում: Նույն աղբյուրի պնդմամբ՝ այդ փորձը կանխվել է և կատաղի փոխհրաձգությունից հետո «թշնամական ստորաբաժանումները լուրջ կորուստներ են կրել և նահանջել»: «Ցավոք, Ադրբեջանի զինված ուժերը ևս կորուստներ են կրել», — ասված է հաղորդագրությունում: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի նշում զոհվածների քանակը:

Սակայն ըստ «ԱՊԱ»-ի՝ ադրբեջանական կողմից զոհվել է 8 զինծառայող:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը փոխանցել է նաև, որ երեկ ժամը 20-ին հայ-ադրբեջանական սահմանին, Ղազախի շրջանի տարածքում հայկական կողմից արձակված կրակոցի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինված ուժերի 37-ամյա ենթասպա Իսա Ալմազովը:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ հերքում էր տեղի ունեցածը՝ անհիմն որակելով այն տեղեկատվությունը՝ համաձայն որի այդ երկրի ԶՈՒ կողմից հարձակում է տեղի ունեցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում և Ադրբաջանական բանակը կորուստներ ունի:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքման՝ այսօր հրապարակել է հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասի լուսանկարները:

Հիշեցնենք՝ Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը երեկ հաղորդեց, որ նույն օրը հակառակորդը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: «Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում զոհվել են Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ», — ասված էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘ Ըստ իրավապահների` Սպարտակ Ղուկասյանը խուլիգան չէ. Քրգործը կարճվեց’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով’