‘Ադրբեջանի դատախազությունը ԱՄՆ դեսպանին գանգատվել է «հեղափոխություն արտահանողից»’

954

Ադրբեջանի դատախազությունը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին նամակ է հղել, որում գանգատվել է ամերիկյան «Ազգային ժողովրդավարական ինստիտուտից» (NDI)՝ պնդելով, թե այդ կազմակերպությունը, որին նախկինում կասկածում էին Ադրբեջանում «հեղափոխություն» նախապատրաստելու մեջ, խախտել է երկրի օրենսդրությունը, մասնավորապես՝ «ՀԿ-ների մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին», «Գրանտների մասին» օրենքները: Դատախազությունը նաև հաստատել է նախկինում ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանում NDI-ի ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորևսն իր բանկային հաշվեհամարից զգալի գումարներ է հանել (գրեթե մեկ միլիոն դոլար՝ 2010-2012 թթ. ընթացքում)՝ «առանց դրանք օգտագործելու նպատակների վերաբերյալ տեղեկություններ տալու»:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ՝ մարտի սկզբին ադրբեջանական կայքերից մեկում հոդված էր հրապարակվել՝ «2 միլիոն դոլար՝ Ադրբեջանում «ֆեյսբուքյան հեղափոխության» համար» վերնագրով: Հոդվածի հեղինակը հիշեցնում էր, որ 2000-ական թթ. սկզբին Գրիգորևսն աշխատել է Վրաստանում և Ուկրաինայում:

Ուշագրավ է, որ Ադրբեջանում NDI-ի հանդեպ բողոքն արտահայտվում է 2013 թ. աշնանը նախատեսված նախագահական ընտրությունների շեմին և ընդդիմության ակտիվացման պայմաններում, որոնք վերջին շրջանում բողոքի մի քանի ակցիաներ են անցկացրել:

NDI-ն ստեղծվել է ԱՄՆ կառավարության կողմից՝ զարգացող երկրներում ժողովրդավարությանը աջակցելու նպատակով: Համարվում է, որ այս կազմակերպությունը մասնակցել է մի շարք պետություններում «գունավոր հեղափոխությունների» նախապատրաստմանը, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Պահանջում եմ հրապարակել Հայրիկյանի ախտորոշումը’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Սա շատ լավ առիթ է’