‘Ադրբեջանի նախագահը խեղաթյուրում է փաստերը. Ռ.Քոչարյանի գրասենյակ’

1109

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը այսօր հաղորդագրություն է տարածել, որում հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեին արած հայտարարությունները:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

“Սեպտեմբերի 12-ին լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների` Գաբալա քաղաքում նախօրեին կայացած հանդիպման մասին: 

Տեղեկատվության համաձայն, այդ հանդիպման ընթացքում Ալիեւը հայտարարել է, թե 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված եւ նույն թվականին Հայաստանին արտահանձնված Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի:

Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, ով 2001 թվականին ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից եւ միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության:

Այդ մասին տեղեկատվությունը մինչ օրս բոլոր մանրամասներով կարելի է առանց հատուկ ջանքերի գտնել համացանցում:

Այսպիսով, պետք է արձանագրենք, որ, փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, Ադրբեջանի նախագահը կամ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից”:

Նախորդ հոդվածը‘Մեթյու Բրայզա. Քլինթոնը շահագրգռված է Ադրբեջանին և Հայաստանին օգնություն տրամադրելու հարցում’
Հաջորդ հոդվածը‘Չեխիայում 16 մարդ մահացու թունավորում է ստացել կեղծ ոգելից խմիչքներից’