Հռոմում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Ավետիք Վարդանյանի գլխավորած թիմը նվաճել է 3 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ: Ոսկե մեդալակիրներ են դարձել Հայկ Պապիկյանը (70 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ) եւ Լյովա Գեւորգյանը (125 կգ), արծաթե մեդալակիր՝ Հարություն Հովհաննիսյան (57 կգ), բրոնզե մեդալակիր՝ Հայկ Աբրահամյան (61 կգ):
«Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցեցինք 10 ըմբիշով: Թիմային հաշվարկում գրավեցինք երկրորդ տեղը: Մեր հավաքականի համար Եվրոպայի առաջնությունը լավ ստացվեց: Այս արդյունքները սպասված էին, բայց հնարավորություն կար ավելի շատ մեդալ նվաճել:
Եզրափակիչ դուրս եկած Հարություն Հովհաննիսյանին լարվածությունը խանգարեց հաղթել: Իր նման չգոտեմարտեց: Հայկ Աբրահամյանն էլ կարող էր եզրափակիչում լինել, քանի որ կիսաեզրափակիչում գրեթե հաղթած գոտեմարտի վերջում հնարք բաց թողեց եւ պարտվեց վրացի ըմբիշին:
4 տարի առաջ էինք ունեցել միանգամից երեք ոսկե մեդալ, բայց այդ ժամանակ Ռուսաստանն ու Բելառուսը մասնակցում էին: Այդ ժամանակ թիմային պայքարում երրորդն էինք:
Այս տարվա Եվրոպայի առաջնությունում 10 քաշային կարգերից երեքում մենք ենք հաղթել, իսկ մնացած քաշերում ոչ մի երկիր մեկ ոսկուց ավելի չի նվաճել: Մնացած 7-ը մեկական ոսկե մեդալ են նվաճել: Անկախ նրանից՝ ռուսներն ու բելառուսները մասնակցում էին թե ոչ, պայքարը թեժ է եղել: Մենք պատրաստ ենք եղել այս արդյունքներին եւ դրանց համար շատ մեծ աշխատանք ենք կատարել:
Հայկ Պապիկյանի ոսկե մեդալով պարգեւատրման ժամանակ պատվո հարթակից ադրբեջանցու հեռանալը մեծ արձագանք ստացավ նաեւ այնտեղ: Ադրբեջանցի մարզիկը պատժվեց միջազգային ֆեդերացիայի կողմից նաեւ ըմբշամարտի աշխարհի կողմից: Սպորտ է, պայքար է, պարտվել ես, պարտավոր ես պատվո հարթակին կանգնել մինչեւ վերջ, լսել հաղթած ըմբիշի երկրի հիմնը: Փորձեց չհարգել եւ պատժվեց. մեդալը վերցրին ձեռքից, երկրորդ տեղը զբաղեցրեց երրորդը զբաղեցրած մարզիկը: Թիմային պայքարում Ադրբեջանը 20 միավոր կորցրեց եւ զբաղեցրեց 7-րդ տեղ:
Ադրբեջանցիներն, իրենց ֆեդերացիայի ներկայացուցիչներով, գլխավոր մարզիչը մոտեցան մեզ, ներողություն խնդրեցին բոլորիցս, որ մենք չմտածենք՝ դա եղել է նախապես ծրագրած իրենց թիմի կողմից: Ասացին, մենք մեր պատիժը կտանք մարզիկին, ինչպես հարկն է:
Հավաքականից շատերն այսօր պատրաստ են համալրել մեծահասակների կազմը: Կարծում եմ՝ անցումը շատ ավելի սահուն կլինի: Լյովա Գեւորգյանն, օրինակ, հաջորդ տարի կտեղափոխվի մեծահասակների կազմ: Ժամանակը ցույց կտա, թե նա որքանով է ցանկանում հանդես գալ մեծահասակների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությանը եւ ինչ մակարդակով: Ամեն ինչ նրա ձեռքերում է. հեռանկարային է, ներուժ ունի եւ կարող է: Հաղթանակները հեշտ չեն տրվում, նա էլ գիտի:
Առջեւում երիտասարդների աշխարհի առաջնությունն է, որը տեղի է ունենալու օգոստոսի 13-18-ը Բուլղարիայում: Մեդալակիները կմասնակցեն: Մինչ այդ երկու հավաք կանենք եւ կհասկանանք, թե մյուս քաշային կարգերում ովքեր կներկայացնեն Հայաստանը
Խնդիր ունենք 92, 97 եւ 125 կգ քաշային կարգերում: Սա բոլոր հավաքականներում է: 10 քաշային կարգերում Հայաստանի առաջնությանը մասնակցում է 65 ըմբիշ: Հոսքը կրճատվում է, իսկ մի շարք երկրներում միայն մեկ քաշային կարգում են այդքան ըմբիշ ներկայացնում: Մեզ խանգարում է նաեւ զինծառայությունը: Այս ձմռանը Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը վնասվածքներ ունեին, որի պատճառով նրանց զորակոչը հետաձգվեց: Վնասվածքները բուժեցինք, գնացին, չեմպիոն դարձան եւ կծառայեն սպորտային վաշտում կամ 4 տարով տարկետում կստանան, բայց իրականում նրանք այժմ պետք է լինեին բանակում: Իսկ տարիների փորձը ցույց է, տվել, որ զինծառայությունից հետո քչերն են վերադառնում մեծ սպորտ, մենք էլ կորցնում ենք այսպիսի չեմպիոնների»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի մարզիչ Ավետիք Վարդանյանը:
Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 5 մեդալով զբաղեցրել է առաջին տեղը: