‘Ադրբեջանի ՊՆ-ի կողմից ձերբակալված ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու շուրջ բանակցություններ են ընթանում’

972

Ներկա պահին բանակցություններ են ընթանում մարտի 16-17-ին Ադրբեջանի սահմանը հատած  և ձերբակալված Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու համար: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ շեշտելով, որ ամեն ինչ կարվի, որպեսզի որքան հնարավոր է շուտ ադրբեջանական կողմում հայտնվածները Հայաստան վերադարձվեն: «Այս պահին ընթանում են բանակցություններ ադրբեջանական կողմի հետ, սակայն չեմ կարող ասել, թե երբ հնարավոր կլինի  կազմակերպել գերևարվածների վերադարձը, քանի որ ադրբեջանական կողմն այնքան էլ ակտիվ չէ»,-ասաց Կապրիելյանը:

Անդրադառնալով ադրբեջանական Trend գործակալության տարածած տեղեկատվությանն այն մասին, թե Ադրբեջանի գերիների և անհետ կորածների գործով զբաղվող պետական հանձնաժողովն արդեն դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ նրանց վերադարձնելու հարցով, Կապրիելյանը նշեց, որ այնքան էլ չի հավատում ադրբեջանական լրատվամիջոցներին: «Իմ երկար տարիների աշխատանքային փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական լրատվամիջոցներին այնքան էլ պետք չէ հավատալ: Եթե նրանք այդպիսի խնդրով դիմած լինեին Կարմիր Խաչին, մենք այդ մասին անմիջապես կտեղեկացվեինք, իսկ այս պահին մենք այդ մասին հաստատված տեղեկատվություն չունենք»,-ասաց նա:

Մարտի 16-ին հայ-ադրբեջանական սահմանը հատել և Ադրբեջանի ՊՆ-ի կողմից ձերբակալվել է Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ Դուրմուշ Քառյանը, իսկ մարտի 17-ին՝ Այգեհովիտ գյուղի բնակչուհի Անահիտ Առաքելյանը:

Նախորդ հոդվածը‘Տավուշում գրիպից 7-ամյա երեխա է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. 4-րդ տուրից հետո երկիշխանություն է’