‘Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված անձանց առաջարկվում է ներողություն խնդրել’

903

Այն արտասահմանցիները, ովքեր Ադրբեջանում «պերսոնա նոն-գրատա» են հայտարարվել (Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով), կարող են հանվել «սև ցուցակից»,  Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլաևը: Պաշտոնյայի խոսքերով՝ Ադրբեջան մուտք գործելու արգելքը վերացնելու համար անհրաժեշտ է, որ այդ քաղաքացիները ներողություն խնդրեն:

Ավելի վաղ Բաքուն արդեն ակնարկել էր, որ «սև ցուցակը» կարող է վերանայման ենթարկվել, քանի որ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղ այցելածներից շատերը չեն իմացել, որ այդպիսով իրենք օրենք են խախտում, և նրանց թյուրիմացության մեջ է գցել Հայաստանը: «Եթե առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցելած անձը հայտարարի, որ ցավում է իր արարքի համար, ընդունի իր այցի ապօրինի լինելը և պարզաբանումներ տա Ադրբեջանի համապատասխան մարմիններին, ապա ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկել այդ դիմումը»,- նշել է նախարարության ներկայացուցիչը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «սև ցուցակում» հայտնված անձանցից մի քանիսն արդեն դիմել են՝ խնդրելով իրենց անունները հանել այնտեղից: Ըստ ԱԳՆ-ի՝ դիմողների թվում են ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, «Ամերիկայի ձայնի» մոսկովյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Բրուքը, մի շարք այլ քաղաքական գործիչներ և լրագրողներ:

Օգոստոսի սկզբին հրապարակվել էր Ադրբեջանի «սև ցուցակը», որում ավելի քան 300 անուն կար: Ցուցակի համաձայն՝ Ադրբեջան մուտք գործելու արգելք էր սահմանվել, մասնավորապես, պետդումայի մի քանի պատգամավորների նկատմամբ, ովքեր 2010 թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում այցելել էին Ղարաբաղ: Ցուցակում են հայտնվել նաև արտասահմանցի արվեստագետներ, այդ թվում՝ իսպանացի երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ «պերսոնա նոն-գրատայի» շարքերը համալրվել է ռուսաստանցի լրագրողների ևս մի խմբով, որն այցելել է Ղարաբաղ: Այդ խմբում է եղել նաև հեռուստահաղորդավարուհի, ռուսաստանյան հետախուզության նախկին աշխատակցուհի Աննա Չապմանը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էդուարդո Էռնեկյանը հաստատակամ է Զվարթնոց օդանավակայանի կլոր շենքը քանդելու հարցում’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Նապոլիի» երկրպագուները կխանգարեն մեզ հյուրանոցում’