‘
Այսօր աշխատավայրից բերման ենթարկված ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը 6 ժամ ոստիկանությունում հարցաքնվելուց հետո ազատ է արձակվել:
Հուսեյնովի բերման ենթարկելու փաստին անդրադարձել են ընդդիմադիր ուժերը, դատապարտելով ոստիկանության այդ քայլը: Նախագահական ընտրություններում ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին իր հայտարարությունում դատապարտել է բլոգերի վրա ճնշումները, որոնք պայմանավորված են սոցիալական ցանցերում նախագահական ընտրությունների վերաբերյալ նրա տեղադրած տեսանյութերով:
Հասանլին պահանջել է դադարեցնել հետապնդումները լրագրողների նկատմամբ և հայտարարել է, որ բլոգերին բերման ենթարկելու փաստը պարզ ցույց է տալիս խոսքի ազատության վիճակը Ադրբեջանում:
«Ազգային Ճակատ» և «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունները ևս դատապարտել են Հուսեյնովին բերման ենթարկելը: Նրանք ֆոտոթղթակցի բերման ենթարկելը որակել են որպես «ապօրինի առևանգում»: Հուսեյնովին բերման ենթարկելու ձևը և փաստաբանի ծառայություններից օգտվելու նրա իրավունքի խոչընդոտումը ընդդիմադիր կուսակցությունները որակել են որպես մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում:
«Մուսավաթ» կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է. «Ալիևյան վարչակարգը փորձում է նախընտրական ժամանակահատվածում Հուսեյնովին դուրս մղել ակտիվ քաղաքական պայքարից, և ձգտում է լռեցնել նրան»:
«Ազգային Ճակատ» կուսակցությունն էլ հայտարարել է, որ Հուսեյնովին բերման ենթարկելը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են լռեցնել քննադատական ձայները և պահանջել է դադարեցնել ընդդիմախոսներին հետապնդելու արատավոր պրակտիկան:
Մեհման Հուսեյնովն էլ իր հերթին հայտարարել է, որ իրեն հստակ հասկացրել են, որ ինքը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, որտեղ իշխանափոխության կոչերով է հանդես գալիս, և հասկացրել են, որ պետք է դադարեցնել այդ գործունեությունը:
Հուսեյնովը նաև ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանում կա խոսքի ազատություն և ինտերնետի ազատություն, ուստի, նա օգտվում է նախագահի կողմից երաշխավորված իր իրավունքից:
‘