‘Ադրբեջանում կոչ են արել գնդակահարել պաշտպանության նախկին նախարարին’

771

Ադրբեջանցի պատգամավոր, իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության փոխնախագահ Սիյավուշ Նովրուզովը կոչ է արել գնդակահարել պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Հազիևին, որն իրեն թույլ է տվել քննադատել երկրի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում է Contact.az-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ses գործակալությանը տրված հարցազրույցում և կուսակցական պարբերականի էջերում Հազիևը նախկին նախարարին որակել է «անպատիվ և անազնիվ» մարդ, նրան անվանել «փողոցային շուն», «դավաճան» և «ռուսաստանյան հետախուզության գործակալ», ինչպես նաև՝ «շուն, որին պետք է գնդակահարել, տունն էլ վառել»:

Նախկին նախարարի հասցեին այս վիրավորանքները հաջորդել են Ադրբեջանի նախագահին ուղղված նրա բաց նամակին, որում, տեղական «Ազատություն ռադիոկայանի» տվյալներով՝ Ռահիմ Հազիևը պետության ղեկավարին կոչ է արել « լինել արդարացի, ճշմարիտ և ներողություն խնդրել ժողովրդից»՝ նշելով, որ ժողովուրդը տարիներ շարունակ ճնշվում է նախկին և ներկա նախագահների ( Հեյդար և Իլհամ Ալիևների) կողմից: Նախկին նախարարը նաև զգուշացնում է նախագահին, որ նրա շրջապատը կարող է հանդես գալ հենց իր դեմ: «Մի մոռացիր, քեզ շրջապատող և արդեն շնաձկների վերածված պաշտոնյա-օլիգարխները, նախարարները, գործադիր իշխանության ղեկավարները և մյուսները շատ կարճ ժամանակում կարող են  դառնալ  սարսափելի, դաժան և անխիղճ  ընդդիմություն քո նկատմամբ: Այդ ժամանակն այնքան էլ հեռու չէ»: Նախկին նախարարն անդրադարձել է նաև ադրբեջանական բանակում խաղաղ պայմաններում զոհերի թեմային, որը վերջին շրջանում բազմիցս բարձրացվել է ընդդիմության կողմից:

Նախագահին ուղղված նամակը հրապարակվել է մարտի 18-ին, և հաջորդ օրն իսկ նրա հեղինակը ձերբակալվել է: Նրան որոշ ժամանակ պահել են բանտախցում, ապա բաց են թողել:

Ռահիմ Հազիևը պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրել է 1990-ականների սկզբին: 1993 թ. նրան ձերբակալել են Շուշին հանձնելու մեղադրանքով և դատապարտել մահապատժի: Այնուհետև մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ: 2005 թ. Հազիևը համաներմամբ ազատ է արձակվել, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հովհաննես Սահակյան. Չեմ հասկանում, երբ հարցերի հարցը դարձնում են Ազատության հրապարակ գնալ-չգնալը’
Հաջորդ հոդվածը‘«Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի երեք անվանակարգերում’