‘Ադրբեջանցիները դատի են տվել Ժիրինովսկուն և ՌԴ Պետդուման’

983

Մոսկվայի Տվերյան դատարանը քննարկում է փաստաբան-ամուսիններ Մամեդովների հայցն ուղղված ՌԴ Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն, կապված ադրբեջանական ժողովրդի «պատվի և արժանապատվության» պաշտպանության հետ, հաղորդում է «Իզվեստիան»:

Բացի այդ, հայցվորները պահանջում են պատասխանատվության ենթարկել նաև Պետդումային, որի լիագումար նիստում հնչեցվել են, նրանց կարծիքով, այդ անվայելուչ արտահայտություններն ադրբեջանցիների հասցեին:

Նշենք, որ Պետդումայի նիստում Ժիրինովսկին, մասնավորապես, հայտարարել էր. «Ահա թե ինչ է Ադրբեջանը: Ես ձեզ ռուսերեն եմ թարգմանում: «Ազեր»-«Խազեր դենեզի» — Կասպից ծով, բաջա – երկրամաս: Այսինքն` մարդիկ, որոնք ապրում են Կասպից ծովի ափին, ռուսերենով` կասպիացիներ: Ի՞նչ է, կա այդպիսի ազգույթուն` կասպիացինե՞ր: Դրանք այնտեղ բնակվող մարդիկ են: Մենք ասում ենք «Պովոլժյե»: Բայց այնտեղ կան մարիներ, թաթարները, բաշկիրները: Իսկ սկզբունքը` Վոլոգոդշչինա, Պսկովշչինա»,-հայտարարել էր ՌԼԴԿ ղեկավարը Պետդումայի մարտի 11-ի լիագումար նիստում:

Սադըք և Էլմիրա Մամեդովները դատարանից խնդրում են Ժիրինովսկուն պարտադրել Պետդումայում հանդես գալ հերքումով: Մամեդովները Ժիրինովսկուց պահանջում են նաև 100 մլն ռուբլու բարոյական վնասի փոխհատուցում` ադրբեջանցիների, ինչպես նաև իրենց ընտանիքի «պատիվն ու արժանապատվությունը» ստորացնելու համար: Նրանք պահանջում են նաև, որպեսզ խորհրդարանի ստորին պալատը նույնպես Ժիրինովսկուն պարտադրի հանդես գալ հերքումով:

Գործին Պետդուման ներգրավված է որպես պատասխանող կողմ:

Նախորդ հոդվածը‘Մերձավորարևելյան հակամարտություն. Հինգ ժամանոց զինադադար’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկին դատապարտեցին վեց տարվա ազատազրկման՝ առանց բավարար ապացույցների’