Ադրբեջանցիները նորից փակել են Լաչինի միջանցքը

700

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը: 

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

«Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությւան արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը հայտնել է, որ ճանապարհն այս պահին երկկողմանի փակ է: «Մի  խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են միջպետական ավտոճանապարհի Շուշիի հատվածը»,- ասաց Թադևոսյանը: Ադրբեջանցիները նույն պատճառաբանությամբ Արցախը Հայաստանին կապող մայրուղին փակել էին նաև դեկտեմբերի 3-ին:

Նախորդ հոդվածըՄոդրիչը խոսել է Արգենտինայի հավաքականի հետ առաջիկա հանդիպման մասին
Հաջորդ հոդվածըՆոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ԶԼՄ-ների 23 ներկայացուցիչների դեմ