2010-ական թթ․ կեսերից Ադրբեջանից արտագաղթել են տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողներ և իրավապաշտպաններ, քանի որ հայրենիքում մնալը նրանց համար վտանգավոր էր։
Պաշտոնական Բաքուն կտրականապես հերքում է, թե ինքն զբաղվում է քաղաքական էմիգանտներով, սակայն միայն 2021 թ․ նրանցից երեքը զոհվել են չպարզված հանգամանքներում։ Եվրոպայում ապրող ընդդիմադիրներին հետևում են, հարևան երկրներ մեկնածներին բռնի կերպով վերադարձնում են Ադրբեջան և բանտերը նետում։
«Ես չեմ հավատում, որ դա պատահականություն է, քանի որ ընդամենը երկու օրից ես պետք է փախստականի ID-քարտ ստանայի,- պատմել է Հուսեյն Բակիխանովը, որը մայիսի 7-ին Բաքվում մասնակցել էր բողոքի ցույցին։ Նրան ձերբակալել էին և 15 օրվա կալանք տվել, իսկ կալանավայրից դուրս գալուց հետո ոստիկանները ծեծել էին։ — Ինձ բացահայտ ասում էին՝ կամ դու երկրից գնալու ես, կամ մենք քեզ կսպանենք։ Կամ էլ այնպես կանենք, որ դու ինքնասպան կլինես»։
Բակիխանովն այդ սպառնալիքը լուրջ էր ընդունել ու մեկնել էր Վրաստան և այնտեղ քաղաքական ապաստան էր խնդրել։ Հուլիսի 12-ին նրան ծեծել էին Թբիլիսիում, իր իսկ խոսքով՝ ադրբեջանցիները։ Իսկ հուլիսի 14-ին նա մահացել էր՝ ցած ընկնելով Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոցի տանիքից։
Վրաստանում բնակվող ադրբեջանցի իրավապաշտպան Ավթանդիլ Մամեդովը չի հավատում, թե Բակիխանովն ինքնասպանություն է գործել․ նա Վրաստանում աշխատանք էր փնտրում ու հենց այդ օրը գտել էր հենց այդ հյուրանոցում, որի տանիքից, իբր, ցած էր ընկել։
Վրաստանի իշխանությունները երկու շաբաթ թաքցնում էին այս միջադեպը։ Բակիխանովի մահվան մասին իմացել ու հայտնել էին նույնպիսի քաղաքական էմիգրանտներ։
Ամենահայտնի տարագիր լրագրողներից մեկը՝ Աֆղան Մուխտարլին, հիմա ապրում է Բեռլինում։ 2017 թ․ նրան առևանգել էին Թբիլիսիում, նստեցրել մեքենա՝ գլխին պարկ հագցրած, տարել էին Բաքու և այնտեղ բանտարկել սահմանն անօրինական հատելու մեղադրանքով։ Նա բանտից դուրս է եկել 2020 թ․։ Առևանգումից մի քանի ամիս առաջ Մուխտարլին նկատել էր, որ իրեն հետևում են։
Իրավապաշտպան Լեյլա Յունուսը, ամուսնու՝ Ադրբեջանում հայտնի պատմաբան Արիֆի հետ միասին, այժմ ապրում է Նիդեռլանդներում, ուր տեղափոխվել է 2015 թ․ բանտից դուրս գալուց հետո։ Նրանք պատիժ էին կրում տնտեսական հանցագործությունների մեղադրանքով։
Ըստ իրավապաշտպանի՝ Ադրբեջանում այլախոհների հետ կապված խնդիրներն սկսվեցին 2013 թ․, երբ Եվրախորհրդարանը Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձևը չընդունեց։ Բաքվում հասկացան, որ կարող են չվախենալ պատժամիջոցներից, պատմում է Յունուսը։ Այդ ժամանակ էլ սկսվեցին ձերբակալությունները, ընդդիմության շատ ներկայացուցիչներ հեռացան երկրից և սկսեցին վարչակարգը քննադատել արտասահմանից։
«Շատերը հեռացան, մեկը՝ Գերմանիա, մեկը՝ Ամերիկա, և նախագահ Ալիևը մտածում է՝ գնացին ու հիմա պիտի այնտեղից խոսե՞ն։ Ես նրանց այնտեղ էլ կբռնեմ։ Նա Ադրբեջանում լրիվ մաքրեց, հիմա էլ Ադրբեջանի սահմաններից դուրս է «մաքրություն» անում»,- նշել է իրավապաշտպանը։
Փոխանցում է BBC-ն։